Թուրքիայում առաջին գրախանութները հայերն են բացել
INTERNATIONAL NEWS«Ermenihaber» պարբերականի փոխանցմամբ, թուրքական «Փիրքիուն» թերթի լրագրող Ռեֆիք Դուրպաշը «Պապըալիի Առաջին Գրավաճառը» վերնագրով իր հոդվածում հայտնում է, որ Պոլսի Պապըալի փողոցի առաջին գրավաճառը եղել է ազգությամբ հայ Առաքել Թոզլույանը:
Պոլսում բավական հայտնի այս հայը Պապըալիում իր առաջին գրախանութը բացել է 1875 թվականին եւ ժամանակի ընթացքում նաեւ հրատարակչությամբ է զբաղվել: 1884-ին հրատարակել է իր իսկ գրչին պատկանող «Առաքելի Գրադարան» վերնագրով ցուցակաշարը: Այն իրենից ներկայացնում էր հայտնի ու անհայտ գրքերի մասին տվյալներ, վերնագրեր, որն էլ հեշտացնում էր անհրաժեշտ գրքերի որոնումները:
Asbarez արեւմտահայ կայքն էլ հայտնում է, որ Պապըալի փողոցում առհասարակ բոլոր գրախանութները պատկանել են հայերի: Հայերի շնորհիվ է այս փողոցում, հետո նաեւ ամբողջ Պոլսում գիրքը դարձել վաճառվող ապրանք, նրանք գրքերը ներկայացնում ու վաճառում էին նաեւ խանութից դուրս` սրճարաններում, խանութներում ու մարդաշատ վայրերում:
Առաքել Թոզլույանը հրատարակել է օսմանյան շրջանի թուրք գրողներ Ահմեդ Ռասիմի եւ Հալիթ Զիայի ստեղծագործությունների ժողովածուները: Հրատարակել է Մուալիմ Նաջիի դասագրքերը` հարյուրավոր օրինակներով:
1891-94 թվականներին հայ գրավաճառը բացառիկ հրատարակություն էր կազմակերպել` «գրպանի գիրք» կոչվող շարքը, որոնք տարատեսակ վեպերի կրճատ, համառոտ տարբերակներն էին` փոքրիկ գրքույկների տեսքով:
Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Առաքել Թոզլույանից առաջ Պոլսի Պապըալիում Թորոս անունով մեկ այլ հայ է գրախանութ հիմնել, սակայն գործերը անհաջող են ընթացել ու նա փակել է խանութը: Առաքելից հետ էլ այդ գործը Պոլսում շարունակել են հայերը:



