ԵՄ դրամաշնորհի հափշտակության բացահայտումն այս տարում 2-րդ դեպքն է
SOCIETYՀՀ քննչական կոմիտեում բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից:
Պարզվել է, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ եւ արդյունքում հափշտակել է շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամ։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին իրավապահների կողմից բացահայտվեց հափշտակության եւս մեկ աղմկալի դեպք: Խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո):
Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը, Գեղամ Պետրոսյանը եւ Մարինե (Մոնիկա) Պապյանը:
Հատկանշական է, որ 2008-2015 թվականներին Հայաստանին ԵՄ-ն տրամադրվել է 232, 5 մլն եվրո։ Ծառայե՞լ են դրանք իրենց նպատակին, մեծ հարց է։ Ի դեպ, բավականին վերջերս ԵՄ-ն Գյումրուն տրամադրել է 700 հազար եվրո, որն ուղղված է Շիրակի մարզի մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը



