Եթե մեղքն ապացուցվի, Մուշեղ Մխիթարյանը ցմահ ազատազրկման կդատապարտվի
SOCIETYԷքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործը մոտ 2,5 տարի է ձգձգվում է: Եվ եթե այս տեմպերով շարունակվի, ամենայն հավանականությամբ, նույնքան էլ կտևի մինչև հանրությունն իմանա, թե 2015 թվականի օգոստոսին ողջ հանրությանը ցնցած սպանության մեղավորին պատժելու համար, ի վերջո, դատարանն ինչ վճիռ կայացրեց: Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սպանության կասկածանքով ճաղերի հետևում հայտնված Մուշեղ Մխիթարյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ ինքը չի իրականացրել այդ ոճիրը:
Զարմանալիորեն, միակ վկան՝ Աննա Միսակյանը, իր ընտանիքի անդամների հետ միասին գազի արտահոսքի պատճառով մահացավ՝ անպատասխան թողնելով շատ հարցեր, բայց թե որքանով դրանք էական նշանակություն կունենային առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի մեղքի բաժինը թեթևացնելու համար, դժվար է ասել:
Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գործը բավականին ծավալուն է, որի քննության ընթացքում իր պաշտպանյալը խնդրել էր միջնորդել, որպեսզի իր հանդեպ հերթական դատահոգեբանական համալիր փորձաքննությունն իրականացվի:
«Դատարանը միջնորդությունը բավարարել էր, և այդ ընթացքում գործի դատաքննությունը կասեցվել էր, որպեսզի ընթացքում դատահոգեբանական վիճակի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստացվեր: Փորձաքննության հերթական արդյունքների համաձայն նա մեղսունակ է ճանաչվել»,– ասաց Մ. Ֆարմանյանը:
Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ Մ. Մխիթարյանը երբեմն ինքնավնասումներ է իրականացնում, կորցնում է ադեկվատությունը, ընկնում է դեպրեսիվ հոգեվիճակի մեջ և ցանկանում է հասկանալ, թե ինչով է պայմանավորված իր հոգեվիճակի նման փոփոխությունը: Ինչ վերաբերում է մեղքն ընդունելուն, Մ. Ֆարմանյանն ասաց, որ առաջին օրվանից մինչ օրս նա չի ընդունում իր մեղքը և բացառում է իր մասնակցությունը էքստրասենսի սպանությանը: Խոսելով առանցքային վկա Աննա Միսակյանի կողմից տրված ցուցմունքի մասին, փաստաբանը նշեց, որ վկաների հարցաքննության ժամանակ նրա կողմից հնչեցված պատասխաններում շատ հարցեր են բաց մնացել, որոնց Մ. Ֆարմանյանը որոշել էր անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդության ժամանակ:
«Ես ցանկանում էի միջնորդել, որպեսզի կրկին Աննա Միսակյանը դատարան հրավիրվի, սակայն նա մահացավ, և բոլոր հարցերը մնացին անպատասխան»,– ասաց պաշտպանը:
Մ. Ֆարմանյանը հրաժարվեց հրապարակել բաց մնացած հարցերը, քանի որ դատաքննությունը դեռևս չի ավարտվել, և իր հարցերի շրջանակը դեռ վերջնական տեսքի չի բերել: Նա նաև տեղեկացրեց, որ վերջին անգամ երկու օր առաջ է հանդիպել իր պաշտպանյալին: Ու թեև դեռ վաղ է խոսել, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, բայց հանցագործությունը, որը որակվել է առանձնապես ծանր, որպես առավելագույն պատիժ կարող է սահմանվել ցմահ ազատազրկումը:
«Եթե ամբաստանյալի մեղքն ապացուցվի, վտանգ կա, որ դատախազությունը կարող է ցմահ ազատազրկման միջնորդությամբ հանդես գալ: Դատարանը հնարավորություն ունի նման պատիժ կիրառելու և այս պահին ամենամեծ վտանգը հենց դա է»,– ասաց Մ. Ֆարմանյանը:
Արմինե Գրիգորյան



