Հայաստանի քաղաքային բնակչությունը 818 հազարով ավելի է գյուղականից
POLITICSՀայաստանի մշտական բնակչությունը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 979.6 հազար մարդ։
Նրանցից կանայք 1 միլիոն 555.3 հազարն են, իսկ տղամարդիկ՝ 1 միլիոն 424.3 հազար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Հայաստանում քաղաքային բնակչությունն այս տարվա ինն ամիսներին 1 միլիոն 898.8 հազար մարդ է եղել, գյուղականը՝ 1 միլիոն 080.8 հազար, տարբերությունը 818 հազար է։
Ամենամեծ թվով բնակչությունը տեղակայված է մայրաքաղաք Երևանում՝ 1 միլիոն 076.6 հազար մարդ, որը ողջ քաղաքային բնակչության կեսից ավելին է՝ 56.6 տոկոս։ Արմավիրում է ապրում Երևանից հետո ամենաշատ բնակչությունը՝ 265.6 հազար մարդ, ամենաքիչը տեղակայված է Վայոց ձորում՝ 50.1 հազար մարդ։ Մշտական բնակչության միջին տարիքը 2017թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 36.2 տարի, տղամարդկանց համար` 34.3, իսկ կանանց համար` 38.0 տարի: Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը 2016-ին կանանց դեպքում 78.3 տարի է եղել, տղամարդկանց դեպքում՝ 71.6 տարի։



