Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզում նախատեսվում է հիմնել մեքենատրակտորային պարկ

ECONOMICS

ՀՀ կառավարությունում նոյեմբերի 2-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ էր: «Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից (օրինակ հանրային տարածքների վարձակալություն, ջրային ռեսուրսների օգտագործում) օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա:

Նման ձևով վարչարարությունը հատկապես բացասական է ազդում գործարար միջավայրի վրա։ Հետևաբար անհրաժեշտ է մշակել այդ գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին 2-ամսյա ժամկետում, համագործակցելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր:  Կառավարության աշխատակազմ կներկայացվեն այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր: 

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ որոշման նախագիծ կմշակվի 

Վարչապետի հաջորդ հանձնարարականը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագների վերաբերյալ էր: «2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման  ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման  ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ»,- ասել է կառավարության ղեկավարը:  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին նա հանձնարարել է  20-օրյա ժամկետում,  սակագնի փոփոխության դեպքում, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Հանձնարարվել է նախագիծը մշակել՝   համատեղ աշխատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները: 

Առաջարկություն կներկայացվի  շինարարության ոլորտում առկա թերությունների վերացման վերաբերյալ 

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը շինարարության ոլորտում վիճակագրական տվյալների թերությունների վերաբերյալ էր: «Համաձայն Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների՝ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով»,-նշել է վարչապետը:

Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքագրման իրական վիճակի արձանագրման նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է  Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել  Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները, զարգացումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ։ 

«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր կառույցի աշխատանքի գնահատականներից մեկը. վարչապետ 

Կարեն Կարապետյանը,  անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած՝ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին, նշել է, որ այն ցույց է տալիս, որ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է 9 կետով նահանջ: «Թեև զեկույցում, դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում արձանագրել ենք 0,59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար։   

Միևնույն ժամանակ  պետք է ֆիքսենք,  որ միայն կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության զեկույցում, 79-րդից 73 տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54 -ից 33 հորիզոնական  զբաղեցնելը նշանակում է, որ այսուհետ  գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը։

Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այն ոլորտներում,  որտեղ արձանագրվել է անկում՝ դատական և իրավական ապահովման ոլորտները, թույլտվությունների տրամադրման վարչարարությանը և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերի հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»,-նշել է վարչապետը։

Ի լրումն նախորդ նիստում տրված՝ ծրագրային բարեփոխումների համար տեսանելի արդյունքների մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ հանձնարարականի՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև՝ դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ։ Նույն ժամկետում առաջարկություն կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել  է նաև  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ առաջարկություն ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի մասնակցության և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենին  հանձնարարվել է ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։ 

Գրավառուն պարտավոր է պատշաճ ձևով ծանուցել գրավատուին. օրենսդրական նախաձեռնություններ 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պայմանագրային տուժանքի առավելագույն շեմ և չափ, տուժանքի պակասեցման իրավասություն կընձեռվի նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, կստեղծվեն այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք կապահովեն քաղաքացիական շրջանառության որոշակիությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագծի բարեխղճությունը և գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին: Օրինագծով նախատեսվում են, մասնավորապես, հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ ամրագրվում է գրավառուի պարտականությունը պատշաճ ձևով ծանուցելու գրավատուին (պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ) գրավի առարկայի` ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, պարտավորության մարման չափի, պարտքի մնացորդի մասին, նախատեսվում է պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափ, Ֆինանսական համակարգի հաշտարարին ևս ընձեռվում է պարտավորության խախտման հետևանքներին տուժանքի ակնհայտ անհամաչափ լինելու դեպքում այն պակասեցնելու իրավասություն:

Հավանության է արժանացել «Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, հնարավորություն կընձեռվի թեթևացնել ՀՀ պետբյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը: Նախագծերի ընդունումը կնպաստի նաև վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքները կհամապատասխանեցվեն ՀՀ սահմանադրության պահանջներին: Փոփոխություններով կհստակեցվեն քրեական դատավարության շրջանակում բերված անձի դատավարական կարգավիճակի հետ կապված հարցերը, լրացուցիչ երաշխիք կներդրվի անձի հիմնական իրավունքների պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից: Ինչպես նաև կհստակեցվի, թե կոնկրետ որ դեպքերում անձը պարտավոր չէ ցուցմունք տալ:

Հավանության է արժանացել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Սահմանադրություն  փոփոխությունների արդյունքում ՀՀ Նախագահի ինստիտուտի դերն էականորեն փոփոխվել է: Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահել  ՀՀ վարչապետին:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում սկսած 2019 թ-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար: Հիմքեր կստեղծվեն ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և  «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  վերաբերյալ: 

Տավուշի մարզում նախատեսվում է հիմնել մեքենատրակտորային պարկ և  արևային էլեկտրակայան կառուցել 

Կառավարությունը որոշել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված տարածքը՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Նոյեմբերյանի համայնքապետի գրության համաձայն՝ գործընթացն իրականացվելու է Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում համայնքի համար հաստատված ծրագրով:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ժամկետների և պայմանների բարելավմամբ պայմանավորված: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է կառուցման աշխատանքների կատարման ժամկետ և պետությանը բնակարանների հանձնման ժամկետ սահմանել  մինչև 2019 թ. հոկտեմբերի 30-ը, իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման ժամկետ սահմանել մինչև 2019 թ. դեկտեմբերի 25-ը:           

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ: Ըստ հիմնավորման՝ բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից  3 տարին՝ արտոնյալ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, մասնավորապես,  հարկաբյուջետային կարգապահության և թափանցիկության բարելավման նպատակով հզորացնել պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացում:  

Մեկ այլ վարկային համաձայնագրի համապատասխան պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում: Հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել Կարգավարական կառավարման ու տվյալների հավաքագրման (SCADA)/էներգիայի կառավարման (EMS) համակարգերը և կառուցել պահուստային կարգավարական կառավարման կենտրոն (ՊԿԿԿ): Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Redinet CJSC (Հայաստան) և Siemens AG Osterreich (Ավստրիա)» կոնսորցիումի հետ կնքվել է SCADA/EMS համակարգերի ընդլայնման ու արդիականացման և ՊԿԿԿ-ի կառուցման պայմանագիր: Կնքված պայմանագրով անհրաժեշտ է կատարել կանխավճար:  

Այլ որոշումներ  

Գործադիրն ընդունել է  համապատասխան որոշում՝ 2017 թ. ձմեռային զորակոչի  պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին: Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման նպատակն է լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքագրված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, մասնավորապես,  հստակեցնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վերջնական հատկացման գաղափարը, պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը, սահմանել և ներդնել ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմներ՝ խթանելու ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման, խնդիրների կանոնակարգմանն ուղղված գործընթացների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար: Նշվել է, որ  հանրապետությունում այսօր առկա է դեռևս շուրջ 25 հազար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման անհրաժեշտություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ այդպիսով հանրապետությունում կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդման գործընթացը, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ հսկողություն, մոնիթորինգ, կրճատել ստուգումների քանակը: 

 

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU