ՊԵԿ նախագահը չի բացառում 2018 թ. նախատեսվածից շատ հարկային եկամուտների ապահովումը
SOCIETYՀայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի բացառում, որ 2018թ. հարկային եկամուտներն ավելի շատ լինեն, քան նախատեսված է ապահովել պետական բյուջեի ծրագրով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ դա կարող է լինել ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում:
«Դուք գիտեք, որ մենք այս տարի հարկային եկամուտների զգալի աճ ենք արձանագրել: Առանց ստվերի դեմ արդյունավետ պայքարի, այդ արդյունքները մենք չէինք ունենա: Եվ, միգուցե, մենք ստվերի դեմ ակտիվ պայքարը շարունակելու արդյունքում 2018 թ. ևս կարողանանք ավելի շատ հարկային եկամուտներ ապահովել, քան նախատեսված է բյուջեի ծրագրով»,– շեշտեց ՊԵԿ նախագահը:
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հայտարարել է, որ ակտիվ պայքար է մղելու ստվերի դեմ՝ ընդգծելով, որ իր խոստացածն այս ընթացքում կատարել է: «Այն, ինչ ես ձեզ խոստացել եմ մեկ տարի առաջ, կատարել եմ ու շարունակելու եմ կատարել»,– վստահեցրեց Վարդան Հարությունյանը:



