ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ ծրագրեր 2018թ. կտեղափոխվեն կառավարության տիրույթ
POLITICSՀայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի փոփոխություններով պայմանավորված` որոշ ծրագրերի իրականացման համար 2018թ. նախագահի աշխատակազմի մասով պետական բյուջեից հատկացումներ չեն նախատեսվել: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
«Այդ ծրագրերն են ՀՀ նախագահի աշխատակազմին կից գործող տեղեկատվական ՊՈԱԿ-ի հետ կապված հիմնախնդիրները, Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերը, որոնք անցնում են կառավարության տիրույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արմեն Գևորգյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև հստակեցրեց, որ 2018թ. առաջին երեք ամիսների ընթացքում՝ առնվազն մինչև ապրիլի 9-ը, ՀՀ նախագահը շարունակելու է իրականացնել գործող Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները, ուստի բյուջեի նախագիծը կազմելու ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացումները բաժանել են երկու մասի՝ 2018թ, առաջին եռամսյակ և դրանից հետո ընկած ժամանակահատված:



