Ե՞րբ կբացահայտվի հոկտեմբերի 27-ի դեպքերը. Ստեփան Դեմիրճյան
INTERVIEW
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 16 տարի անց սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը համոզված է, որ ամեն ինչ արվեց, որպեսզի գործը կոծկվի, իսկ դատավարությունն էլ չկարողացավ փարատել հանրության մոտ եղած կասկածները: Պատասխանելով Past.am-ի հարցին, թե երբ ի վերջո հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտվի, Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ բնականաբար, դա տեղի կունենա ոչ այս իշխանության օրոք:
Արձագանքելով հարցին, թե կան տեսակետներ, որ դեպքի կազմակերպիչներին և մեղավորներին պետք է փնտրել Հայաստանի սահմաններից դուրս՝ Աժ պատգամավոր Դեմիրճյանը հորդորեց այդ մասին հարցնել նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում, քանի որ, գուցե այդ մասին հայտարարողները մի բան ավել գիտեն: Դեմիրճյանը վստահեցրեց, որ Հայաստանը 16 տարի անց էլ չի կարող հաղթահարել այդ ոճրագործության հետքերը:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը: Դա տեղի էր ունեցել կառավարության հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, իսկ 91-ը՝ պատանդ վերցվել։
Լիլիթ Լալայան




















































