Կլուծվեն բազմաբնակարան շենքերի աղբահանության խնդիրները
SOCIETY«Սանիթեք» ընկերությունը Երեւանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբատար բունկերները փակել է, փոխարենը շենքի հարակից տարածքներում տեղադրելով աղբամաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Ելք» խմբակցության կողմից հնչած բազմաբնակարան շենքերի աղբահանության խնդիրներին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ գործընթացը կփրկի բազմաբնակարան շենքերի սանիտարական վիճակն ու կկանխի այն խնդիրները, որոնք գոյանում են ամռան ամիսներին բազմաբնակարան շենքերում:
«Առաջարկը եղել է «Սանիթեք» ընկերության կողմից: Գործընթացը շարունակական է լինելու, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչեւ հինգերորդ հարկի բնակիչները համաձայն են այդ լուծմանը, հինգերորդ հարկից բարձր ապրողները համաձայն չեն»,-ասաց քաղաքապետը: Անդրադառնալով մայրաքաղաքայի տրասնպորտում ծխելու հարցին, Տարոն Մարգարյանն ասաց, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումները կլուծեն նաեւ այդ խնդիրները: «Այսօր օրենքը թույլ է տալիս, եւ որոշ մարդիկ կարող են իրենց սեփական մեքենաներով հայտնվել ու սպասարկել երթուղին, եւ հետեւաբար մարդուն շատ դժվար է լինում իր սեփական մեքենայի մեջ արգելել ծխել»,-հավելեց քաղաքապետը:



