Աշոտ Մանուկյանն Ավստրալիայում քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության ուղղությունները
POLITICSԱվստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կողմերն անդրադարձել են ոլորտի կարգավորման ստանդարտներին, երկրաբանական երևակումների և ընդերքի շահագործման գործնական խնդիրներին՝ «պատասխանատու ընդերքօգտագործման» հիմնարար սկզբունքների համատեքստում:
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքօգտագործման ոլորտում մեր երկրում իրականացված նորամուծությունները, մասնավորապես՝ ընդերքի շահագործման լիցենզիաների տրամադրման պայման հանդիսացող հանքի ապագործարկման նախագծի և համապատասխան ֆինանսական երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացի և Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման ու տեղեկությունների հասանելիությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը:
Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մեհդի Կարբասիանի, GFG Alliance միջազգային կորպորացիայի գործադիր նախագահ Սանջեև Գուպտայի հետ:



