Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյան. խորհրդածություններ Միջխորհրդարանական հանձնաժողովի 30- րդ նիստի նախօրեին

POLITICS

 Եվ այսպես, 2017թ. նոյեմբերի 2-3-ին Երևանում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ ՄԽՀ- Ա.Գ.) 30-րդ նիստը։ ՄԽՀ նիստի գլխավոր թեման է լինելու՝ «Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության բնագավառում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի»։

Թեմայի ընտրությունն, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն իրենց ուղերձներում (2016թ. դեկտեմբերի 1-ին և 2017թ. մայիսի 18-ին) որակապես նոր խնդիրներ առաջադրեցին, որոնք համահունչ են արդի մարտահրավերներին։ Ավելին, հայ-ռուսական համագործակցությանը նոր ազդակ հաղորդեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի՝ ս.թ. հոկտեմբերի 24-ին կայացած պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման, ինչպես նաև արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին։ ՄԽՀ մասնակիցների առանձնահատուկ պատասխանատվությունը պայմանավորված է նաև նրանով, որ 30-րդ նիստը տեղի է ունենալու մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակի տարում։

Վերոնշյալից ելնելով՝ շատ կարևոր է համակողմանիորեն իմաստավորել անցած ճանապարհը, միևնույն ժամանակ՝ չտրվելով մեր երկրների միջև արտաքին առևտրային շրջանառության էական աճի դրական դինամիկայով, Հայաստանի՝ ռուսական կապիտալ ունեցող մոտ մեկուկես հազար ձեռնարկությունների հաջող աշխատանքով գոհանալու գայթակղությանը, օբյեկտիվորեն գնահատել մեր տնտեսությունների ինտեգրացիայի ներկայիս մակարդակը, պարզել տնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման ցայժմ չօգտագործված հնարավորությունները։ Այսպիսի մոտեցման են մեզ նպատակաուղղում մեր երկրների խորհրդարաններին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Սերժ Ազատի Սարգսյանի ուղերձները։ ՀՀ նախագահի Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը»: Միևնույն ժամանակ, առանձնապես ընդգծվել է, որ «պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ»։ Փորձենք այս համատեքստում վերլուծել՝ կա՞ն արդյոք չօգտագործված ռեզերվներ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների մակարդակի բարձրացման համար։ Կարծում եմ, որ այդպիսի ռեզերվներ, անշուշտ, կան։ Վերցնենք թեկուզ ՀՀ-ի և ՌԴ-ի արտաքին առևտրի դինամիկան վերջին 2 տարում։ Այսպես, եթե 2016թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 803 մլն 271,2 հազ. դոլար, ինչը կազմել է ՀՀ ողջ արտաքին ապրանքաշրջանառության 25,8%-ը, ապա 2017թ. հունվար-օգոստոսին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 991 մլն 766,9 հազ. դոլար, ինչը ՀՀ ողջ արտաքին առևտրի ծավալի 25,6%-ն է։

Այսպիսով, այս տվյալները վկայում են այն մասին, որ նշված ժամանակաշրջանում մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճի տեմպը կազմել է 123,5%։ Այս մասին է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագիրը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-օգոստոսին», էջ 78)։ Հատկանշական է, որ համաձայն այս նույն աղբյուրի՝ Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. հունվար-օգոստոսին կազմել է 762 մլն 286,1 հազ. դոլար, իսկ 2017թ. հունվար-օգոստոսին՝ համապատասխանաբար 947 մլն 446,9 հազ. դոլար, այսինքն՝ Հայաստան – ԵՄ արտաքին առևտրի ծավալի աճի տեմպը կազմել է 124,3%, իսկ Հայաստան – ԵՄ արտաքին ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը արտաքին առևտրի ընդհանուր ծավալում եթե 2016թ. ութ ամիսներին կազմել է 24,4%, ապա 2017թ. համապատասխան ժամանակահատվածում այն իջել է մինչև 17,4% մակարդակի։

Հետաքրքիր պատկեր է նկատվում նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առևտրում արտահանման և ներմուծման հարաբերակցության փոփոխության դինամիկայում։ Այսպես, 2016թ. հունվար-օգոստոսին արտահանումը Հայաստանից Ռուսաստան կազմել է 226 մլն 992,5 հազ. դոլար, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար 310 մլն 14,3 հազ. դոլար (արտահանման աճի տեմպը կազմել է 136,6%)։ Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումը 2016թ. 8 ամիսներին կազմել է 412 մլն 52,9 հազ. դոլար, 2017թ. նույն ժամանակահատվածի համար՝ 505 մլն 891,1 հազ. դոլար (ներմուծման աճի տեմպը կազմել է 122,8%)։ ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրում պատկերը հետևյալն է. 2016թ. հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը ԵՄ կազմել է 307 մլն 576,3 հազ. դոլար, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 407 մլն 949,3 հազ. դոլար (արտահանման աճի տեմպը կազմել է 132,6%), 2016թ. հունվար-օգոստոսին ԵՄ-ից ներմուծումը Հայաստան համապատասխանաբար կազմել է 487 մլն 914,8 հազ. դոլար, 2017թ. նույն ժամանակահատվածի համար՝ 590 մլն 195,7 հազ. դոլար (ներմուծման աճի տեմպը կազմել է 121,0%)։ Այսպիսին է պաշտոնական վիճակագրությունը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-օգոստոսին», էջ 80)։ Պատկերն էլ ավելի հետաքրքիր է, երբ դիտարկում ենք արտահանվող և ներմուծվող ապրանքային տեսականին, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ առևտրում, այլև, օրինակ, երրորդ երկրներից Ռուսաստան ներկրվող ապրանքներինը։

Այսպես, ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության «Արտաքին առևտրի վիճակի մասին 2016թ.» և «Արտաքին առևտրի վիճակի մասին 2017թ. 1-ին կիսամյակում» հրապարակումների համապատասխան՝ պարզվում է, որ 2016թ. Ռուսաստան կարևորագույն ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 182 մլրդ 262 մլն դոլար, այդ թվում՝ 33 մլրդ 785 մլն-ը բաժին է ընկել քիմիական արդյունաբերության արտադրանքին, կաուչուկին։ 2017թ. 1-ին կիսամյակում նույն տեսականու ապրանքների ներմուծման վրա ծախսվել է 18 մլրդ 538 դոլար, միևնույն ժամանակ, նույն տեսականու ապրանքների ներմուծման աճի տեմպը կազմել է 118,3%։ Ավելի վաղ ես արդեն առավել հանգամանալիորեն անդրադարձել եմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման անհրաժեշտությանը, որպեսզի լիովին ապահովվի Ռուսաստանի կաուչուկի և քիմիական արդյունաբերության մի շարք ապրանքների պահանջարկը, որոնց ներմուծման համար Ռուսաստանն ամեն տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում (տե՛ս «Արտաշես Գեղամյան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը» հոդվածը, «Արմենպրես», 8 սեպտեմբերի 2017թ.)։ Միևնույն ժամանակ, նշենք, որ 2017թ. 1-ին կիսամյակում քիմիական արդյունաբերության արտադրանքի, կաուչուկի ներմուծման աճի տեմպը (2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 119,0%։

Կամ՝ մեկ այլ օրինակ. 2016թ. տեքստիլի և կոշիկի տեսակարար կշիռը Ռուսաստանի ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է 5,8% կամ արժեքային արտահայտությամբ՝ 9,7 մլրդ դոլար։ Նշենք նաև, որ 2017թ. 1-ին կիսամյակում Ռուսաստանի ներմուծման ծավալը կազմել է 101,8 մլրդ դոլար, միևնույն ժամանակ՝ գործվածքեղենի և կոշիկի տեսակարար կշիռը կրկին կազմել է 5,8% ներմուծման ընդհանուր ծավալում, ինչն արժեքային ատրահայտությամբ կազմում է 5,9 մլրդ դոլար,և ինչը զգալիորեն ավելի բարձր է 2016թ. 1-ին կիսամյակի համապատասխան ցուցանիշից։

Այնինչ, բոլորին է հայտնի, որ հայ տեքստիլագործների և կոշկակարների արտադրանքն ավանդաբար մեծ պահանջարկ է ունեցել և ունի, ինչպես Խորհրդային Միության ժամանակ, այնպես էլ մեր օրերում, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայի երկրներում։ Արդյունաբերության նշված ճյուղերում ներդրումներ արվելու պարագայում կարելի է քանիցս ավելացնել այս տեսականու ապրանքների արտադրությունը։

Իսկ ընդհանուր առմամբ, վերը ներկայացված ցուցանիշները, անկասկած, վկայում են Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացման չօգտագործված հսկայական ներուժի մասին։ Այո, մենք գոհունակությամբ փաստում ենք, որ Հայաստանի տնտեսությունում կուտակված ռուսաստանյան կապիտալ ներդրումների ծավալը կազմում է օտարերկրյա բոլոր ներդրումների մոտ 40%-ը, որ ՀՀ-ում, ինչպես վերը նշեցինք, մոտ 1,5 հազար ձեռնարկություն կա ռուսաստանյան կապիտալով։ Ավելին, Հայաստանի տնտեսությունում գործում են խոշոր ռուսաստանյան ընկերություններ՝ «Գազպրոմ» Բաց (Հանրային) Բաժնետիրական ընկերություն, «Ռոսատոմ» Արտադրական համակարգ, «ՌԵՈւ» ԲԲԸ, «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ԲԲԸ, «ՎՏԲ բանկ», «ՌՈւՍԱԼ» միավորված ընկերություն։

Միևնույն ժամանակ, եթե ավելի խոր վերլուծենք հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության ներդրումային բաղադրիչը, ապա փոքր-ինչ այլ պատկեր էլ է ուրվագծվում։ Այսպես, եթե 2015թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը (զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա (տվյալ պարագայում՝ ռուսաստանյան) ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) կազմել են 27 մլրդ 733,3 մլն դրամ (կամ 58,03 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են 35 մլրդ 983,3 մլն դրամ (կամ 75,29 մլն դոլար), ապա 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -52 մլրդ 10,2 մլն դրամ (կամ մինուս 108,8 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են (մինուս) -26 մլրդ 290,5 մլն դրամ (կամ մինուս 55,0 մլն դոլար)։ Նշենք, որ Ռուսաստանից ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները), որոնք կազմել են (մինուս) -79 մլրդ 743,6 մլն դրամ (կամ 130,3 մլն դոլար)։ Այս տվյալները  ներկայացված են ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» տեղեկատուի 77-րդ էջում։ Նույն միտումներն են դիտվել նաև 2017թ. 1-ին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսաստանյան ներդրումների հոսքերի դինամիկայում։

Այսպես, 2017թ. հունվար-հունիսին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -25 մլրդ 709,2 մլն դրամ (կամ մինուս 53,1 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները Ռուսաստանից կազմել են (մինուս) -12 մլրդ 298 մլն դրամ (կամ մինուս 25,38 մլն դոլար)։ Նշված վիճակագրությունը բերված է ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-հուլիսին» տեղեկագրից (էջ 102)։ Այսպիսով, վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին տնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել աններդրումային գործընթաց, այսինքն՝ ներդրումային շրջանառությունից մինչ այդ ներդրված կապիտալի հանման գործընթաց՝ առանց ներդրումային նպատակներով դրա հետագա օգտագործման։ Այլ խոսքով, ցավոք, մենք իրավացիորեն կարող ենք արձանագրել, որ վերջին մեկուկես տարում ռուսաստանյան ընկերությունների ներդրումները հիմնական կապիտալում, որոնք ներդրումներ են հանդիսանում հիմնական արտադրաֆոնդերում (գործարանի կամ վարչական շենքի, ձեռնարկության տիպի ֆիզիկական օբյեկտներ) և սարքավորումներում (հաստոցներ, մեքենաներ և փոխադրամիջոցներ), ինչպես նաև պաշարների ստեղծման համար արված ներդրումները (նկատի ունենք հումքի, կիսաֆաբրիկատների ռեզերվները չավարտված արտադրության փուլում կամ ընկերություններին պատկանող պատրաստի արտադրանքը) ընդհանուր ծավալով բացասական են եղել, այսինքն՝ տեղի է ունեցել ֆինանսական կապիտալի արտահոսք։ Այստեղ նշենք, որ պաշարների ստեղծման նպատակով արվող ներդրումները նշանակում են դրանց փոփոխություն տվյալ ժամանակահատվածի համար, ընդ որում՝ պաշարների աճը վկայում է դրական ներդրումների, իսկ դրանց կրճատումը՝ բացասական ներդրումների մասին։

Այսինքն՝ կրկնում եմ, նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել աններդրումային գործընթաց։ Միևնույն ժամանակ, նշենք նաև, որ, ցավոք, ինչպես մեր ռուսաստանցի գործընկերների, այնպես էլ ՀՀ գործադիր իշխանության տեսադաշտից դուրս է մնում ներդրումների այնպիսի կարևորագույն տեսակ, ինչպիսին են ներդրումները բնակարանային ֆոնդի և սոցիալապես նշանակալի օբյեկտների շինարարության մեջ՝ ռուսաստանյան կապիտալ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցների համար, բնականաբար՝ ՀՀ գործադիր իշխանության տարբեր մակարդակների մարմինների բաժնետիրական մասնակցությամբ։ Որպեսզի ոչ ոքի չնեղացնենք, հանուն արդարության նշենք, որ որոշ ներդրումներ, ցավոք՝ իրենց ծավալներով բավական աննշան, ռուսաստանյան կապիտալ ունեցող առանձին ընկերությունների կողմից իրականացվել են։

Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե հայկական կողմը չափից ավելի մեծ սպասելիքներ ունի Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների էական ավելացման առումով, նշեմ միայն, որ Ռուսաստանի և Հայաստանի համատեղ ներդրումային ծրագրերի պրոֆեսիոնալ մակարդակով մշակումը, իսկ հետագայում՝ նաև դրանց հաջող իրագործումը հարյուրապատիկ կհատուցվեն։ Ընդ որում՝ ներդրողների զուտ տնտեսական շահից զատ, ըստ մեզ, պակաս կարևոր չի լինի նաև քաղաքական բաղադրիչը, այն է. Հայաստանի Հանրապետությունը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սեփական օրինակով ցույց կտա այդ միության ողջ հեռանկարայնությունը։ Ընդ որում՝ ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, մասնավորապես՝ Թուրքիային, Ադրբեջանին և Իրանին, այլև, ինչը պակաս կարևոր չէ, Եվրոպական միությանը, որի հետ ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում։

Կարծում եմ, որ վերը բարձրացված հարցերի ողջ կարևորության ընկալումը և դրանց իրագործման ուղիները սահմանելը արժանի տեղ կգտնեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 30-րդ նիստի ընթացքում։       

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive