Կույր աղիք կառույց է.Ի՞նչ են սպասում ավագանու ընտրություններից
SOCIETYՆոյեմբերի 5–ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Հայաստանի 69 համայնքներում: Իսկ 54–ում նաև ավագանու անդամներ կընտրեն:
Բնակիչները, սակայն, հույսեր չեն կապում ո՛չ համայնքի ղեկավարի, ո՛չ էլ ավագանու ընտրությունների հետ:
Համայնքների հասարակությունը գյուղապետարանի կամ քաղաքապետարանի տեղը հիշում է հարկ վճարելու կամ տեղեկանք վերցնելու դեպքում: Ոչ միայն անտեղյակ են համայնքում տեղի ունեցող սոցիալ–տնտեսական, հասարակական–քաղաքական իրադարձություններից, այլ նույնիսկ չգիտեն ավագանու անդամներին: Նրանց որոշումների մասին՝ նույնպես:
Այսօր համայնքապետարանների մեծ մասն ինտերնետային կայքէջեր ունեն, որտեղ ավագանու անդամների, նիստերի ու որոշումների մասին տեղեկատվություն կա:
Այս տարվանից մի քանի քաղաքներ առաջին անգամ ավագանու նիստերը ուղիղ հեռարձակում էին՝ այսպիսով հնարավորություն տալով բնակիչներին տեղեկացված լինել նիստի օրակարգից, քննարկվող հարցերից, ինչպես նաև հետևել իրենց կողմից ընտրված ավագանու գործունեությանը։
Այդուհանդերձ, քիչ չեն այն համայնքապետարանները, որոնք կայքէջեր չունեն: Տեղի ունեցող նիստերի մասին անգամ գրություններ չեն փակցնում:
Ավելին, բնակիչների մեծ մասի կարծիքով՝ ավագանին ձևական ինստիտուտ է:
«Մեզ տեղյակ չեն պահում, դրա համար էլ նիստերին չենք մասնակցում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչը:
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում ավագանու անդամներին չճանաչելը սովորական երևույթ է: Տեղաբնակները գտնում են, որ այդ կառույցը միայն թղթի վրա է, նրանց գործնական քայլերը երբևիցե չեն տեսել: Այստեղ խմելու ջրի լուրջ խնդիր կա, իսկ, ըստ գյուղացիների, ավագանին լուծման համար քայլեր չի կատարում:
«Ավագանին գործող կառույց չէ՝ «անունը կա՝ ամանումը չկա»: Կույր աղիք կառույց է, ոչինչ չեն անում՝ միայն աթոռն են վայելում, ոչ ավելին»,– գանգատվեց մեր զրուցակիցը:
Միաժամանակ նշեցին, որ ավագանու ընտրությունը ավելի շատ ազգականի, հարևանի ընտրություն է, ու չեն կարծում, որ կարևոր դեր ունի։
«Ավագանու անդամների 80–90%–ը սկի պատկերացում չունի, թե ով են իրանք, կամ ինչ նշանակություն ունի իրենց գործունեությունը: Էնքան որ գնում խցկվում են գյուղապետարան»,– ասաց Դիմիտրով գյուղի բնակիչը:
Միավորվող համայնքների բնակիչների խոսքով՝ խոշորացումը ևս էականորեն չի նպաստի ավագանու դերի բարձրացմանը։
«Որ գյուղից ավելի շատ լինեն ավագանիները, նրանք ի օգուտ իրենց որոշում կկայացնեն»,– ասացին նրանք:
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում նոյեմբերի 5–ին ավագանի կընտրեն: Համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի պնդմամբ՝ գյուղացիները նիստերին մասնակցում են: Իսկ թե յուրաքանչյուր նիստին քանի գյուղացի է ներկա լինում, նա տեղյակ չէր:
Ի դեպ, վերջերս Գեղարքունիքի մարզում հետազոտություն էր անցկացվել՝ պարզելու, թե որքանով են Մարտունու բնակիչները տեղեկացված ավագանու գործունեությունից և ճանաչում նրանց:
Ավագանիների դերից և գործառույթներից 160 հարցվածներից ընդամենը 12,3%–ն է իրազեկված եղել: 51,9%–ն տեղեկացված չէ, իսկ մասամբ իրազեկվածները մոտ 36% են կազմել:



