Բնակչությունը երկու հազար, ՀՀԿ–ի դաբրոն էլ կողքից կօգնի՞ համայնքապետ ընտրվելու գործում
POLITICSPast.am-ը տեղեկացնում է.Նոյեմբերի 5–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյուքնում Վայոց ձորի մարզի 12 համայնքների միավորմամբ կստեղծվի Եղեգիս համայնքը, որի ղեկավարը դառնալու ցանկություն ունեն չորս թեկնածու՝ Շատին համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ–ական, Տիգրան Խուդոյանը, Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Արմեն Սեդրակյանը, Քարագլուխ համայնքի նախկին ղեկավար, նույնպես ՀՀԿ–ական Արթուր Ստեփանյանը և «Լենա Մարկոսյան» Ա/Ձ–ի հաշվապահ, ՀՀԿ–ական Մամիկոն Սմբատյանը: Նշված երեք հանրապետականներից իշխող կուսակցությունը կսատարի Շատինի համայնքապետին, մյուսները հանդես են եկել ինքնառաջադրմամբ:
Թվով 12 համայնքների խոշորացման արդյունքում կստեղծվի Եղեգիս համայնքային փունջը, որի մեջ մտնող համայնքներից միայն երեքի ղեկավարներն են որոշել ՏԻՄ ընտրություններում կրկին իրենց ուժերը փորձել:
Իրենց թեկնածությունը չառաջադրած մյուս ինը համայնքների բնակչության թիվը տատանվում է 200–600–ի սահմաններում, ինչն էլ արդեն հասկանալի է դարձնում 12 համայնք ներառող, նոր ստեղծվող փնջի ընտրություններում ընդամենը չորս թեկնածուի առկայությունը: Հասկանալի է, որ 200 բնակիչ ունեցող գյուղի գյուղապետը այս ընտրություններում շանսեր չի կարող ունենալ: Հատկապես, որ կողքին կան 1000 և 2000 բնակչություն ունեցող համայնքներ, ինչպիսիք են Շատինն ու Արտաբույնքը՝ համապատասխանաբար 2052 և 1145 բնակչով: Քարագլուխն էլ ունի 831 բնակիչ:
Խոշորացման ուղի բռնած Եղեգիս համայնքն այսօր ունի 511 բնակիչ: Դեռևս գործող հանրապետական համայնքապետ Յուրիկ Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր չառաջադրվելու պատճառը տարիքն է.«Ուրիշ պատճառ չկա: Երկու անգամ ընտրվել եմ, չորրորդ տարին է գյուղապետն եմ, 1996 թ.–ին էլ 4 տարի աշխատել եմ: Պատճառն էնա, որ 64 տարեկան եմ, արդեն փոքր չեմ, որ նորից խաղերի մեջ մտնեմ, հոգնել եմ ընտրական քաշքշուկներից»:
Հարցին, թե թեկնածուներից ո՞ւմ է ճանաչում և նրանց շանսերն ինչպե՞ս կգնահատի, պատասխանեց, որ ճանաչում է միայն դեմքով միասին աշխատելու արդյունքում, բայց անձնապես չի ճանաչում և չի կարող կարծիք հայտնել:
Շատին համայնքն, ինչպես արդեն վերևում ասվեց, ամենից շատ բնակիչներ, հետևաբար և ամենից շատ ընտրողներ ունեցող համայնքն է այս փնջում: Եվ դժվար չէ կռահել, որ այս համայնքի ներակայացուցիչ–թեկնածուն առավել մեծ շանսեր ունի նորաստեղծ մեծ համայնքի ղեկավարը լինելու, հատկապես, որ վայելում է իշխանական կուսակցության աջակցությունը:
Ինքը՝ Խուդոյանը, մեր հարցին, թե առավելություն համարո՞ւմ է Շատինի՝ շատ բնակիչներ ունենալը և ՀՀԿ–ի՝ հենց իրեն սատարելը, պատասխանեց. «Ինձ համար մի առավելությունն այն է, որ ժողովուրդն է իմ կողքին և երկրորդը, որ այդ նույն ժողովուրդը ԱԺ ընտրությունների ժամանակ ցույց տվեց, թե որ կուսակցության կողմնակիցն է: Այս երկու հանգամանքը իրար ինտեգրելուց հետո, պարզ է դառնում, որ, այո՛, առավելություն եմ համարում: Բայց ես Շատինի և մյուս համայնքների միջև տարբերություն չեմ դնում: Բոլոր համայնքներում էլ եղել եմ, քարոզարշավով եմ զբաղված, իմ ծրագիրն ու տեսլականն եմ ներկայացնում»:
Ի դեպ, հավելենք, որ Եղեգիսի համայնքապետ Մկրտչյանը մեր այն հարցին, թե չորս թեկնածուներից որևէ մեկը եկե՞լ է համայնք բնակիչների հետ հանդիպման նպատակով, նշեց, որ միայն Խուդոյանն է եկել՝ ներկայացնելու համար իր նախընտրական ծրագիրը:
Հիշեցնենք, որ Եղեգիսի փնջում կներառվեն Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ համայնքները: Իսկ ընտրություններին կմասնակցի 5 հազարից մի փոքր ավելի քաղաքացի, այն է՝ 5014 ընտրող:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



