Գեղարքունիքում կրճատվել է աշնանացան ցորենի ցանքը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում աշնանացանն ընթացքի մեջ է: Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի ուշացել է: Նրանց խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսվա վերջին են աշխատանքները սկսում, այս սեզոնին խնդիրներ են առաջացել: Մեծ Մասրիկ համայնքում այսօր դժվարությամբ են սերմը հողին պահ տալիս:
«Հողը չէր վարվում, նոր– նոր անձրև է եկել, հողը սկսել է փափկել, կարողանում ենք վարել, որ մեր գործն անենք»,–ասացին բնակիչները:
Այստեղ գյուղտարին անբարենպաստ են գնահատում: Երաշտի պատճառով ցորենի բերք չեն կարողացել ստանալ:
«Մարդ կա՝ կոմբայն չի մտցրել դաշտ: Երաշտը սաղ «վարի» տվեց: Բերք չկար, մարդիկ էլ ծախս չարեցին՝ սոլյարկա չառան ու չքաղեցին ցորենը»,– հայտնեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:
Նախորդ տարի էլ լավ բերք չեն ստացել: 2016 թվականին կարկուտը 120 հեկտար ցորեն է հողին հավասարեցրել: Մեծ Մասրիկում յուրաքանչյուր տարի մոտ 1000 հեկտար ցորեն են ցանում, այսօրվա տվյալները հուսադրող չեն:
«Շատ քիչ են ցանում, նախորդ տարիների համեմատ ահավոր քիչ են ցանելու, դա փաստ է»,– տեղեկացրեց Ասատրյանը:
Վարդաձորում էլ են ցորեն քիչ ցանել: Համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի խոսքով՝ շուրջ 20 հեկտար տարածություն է աշնանացանը զբաղեցնում:
«Վերջերս միայն անձրև եկավ, արդեն ուշ էր: Հիմա էլ ցուրտ է, մարդիկ չեն ցանում:Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շատ տուժեցինք այս տարի»,– ասաց նա:
Փոքր Մասրիկում 90%–ով աշնանացանն ավարտված է: Նախորդ տարվա համեմատ 30%–ով պակաս է ցանքատարածությունը:
«170 հեկտար ցորեն ենք ցանել: Երաշտ եղավ, բերքը լավ չէր, ժողովուրդը հիասթափվեց ու չցանեց: Բերք չուներ, որ վաճառի ու նորից ծախս կատարի»,– ներկայացրեց համայնքի ղեկավար Վարդան Մարգարյանը:
Բերքատվության ցուցանիշը Փոքր Մասրիկում դժգոհության առիթ է դարձել: 1 հեկտարից 1 տոննա բերք հազիվ են կարողացել ստանալ: Ցորենի կիլոգրամը վաճառում են 100 դրամից սկսած: Գինն, ըստ արտադրողի, կատարած ներդրումների համեմատ չնչին է:
«Ծախս ես կատարում՝ սերմ, պարարտանյութ, բուժանյութ, տեխնիկա ու էլի հազար ու մի հարցեր կան, բայց մի դաշտից հազիվ 1000 դրամի եկամուտ ես ստանում»,– թվարկեց նա:
Աշնան ցանքսը կատարելու համար մարզպետարան այստեղից գրեթե դիմողներ չեն եղել: Սերմացուի հարցում գյուղացիները միմյանց են օգնության հասել:
«Իրար մեջքի կանգնել են, մեկը մեկին սերմ է տվել, որ չգնան մարզպետարանից գնեն»,– հայտնեց Վարդան Մարգարյանը:
Աշնանացան ցորենի ցանքերը Գեղարքունիքի մարզում զբաղեցնում են մոտ 20 հազար հեկտար տարածք, որոնց հիմնական մասը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում՝ Մասրիկի հարթավայրում:



