Շարմազանովը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած է համարում
SOCIETYՀայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարելի է կայացած համարել: Ազգային ժողովում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր երկրում Օմբուդսմենի գրասենյակի ստեղծումն աննախադեպ իրադարձություն էր, և հիմա մենք կարող ենք ասել, որ այդ ինստիտուտը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, կարելի է կայացած համարել: Այն կայացել է բոլոր նախորդ օմբուդսմենների, ինչպես նաև մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանություններին, վեր հանի խնդիրները և առաջարկի դրանց լուծման ուղիները: «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը նրա համար չէ, որ ինչ-որ բան կոծկի, այլ նրա համար է, որ քննադատի: Շատ լավ եք անում, որ քննադատում եք իշխանություններին: Եվ մենք այդ քննադատությունից չպետք է նեղանանք, որովհետև այդ քննադատությունը խնդիրները ցույց տալու նպատակ է հետապնդում, այլ ոչ թե չարախոսության»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն ընդգծեց, որ բոլորի գործունեության մեջ էլ կան թերություններ՝ հավելելով, որ թերություններ չկան միայն այնտեղ, որտեղ գործ չկա: «Ես բարձր եմ գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը: Եվ որքան խորքային դուք մատնանշեք իշխանությունների թերությունները, այնքան ավելի լավ կլինի թե՛իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ հանրության համար»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:



