ԲՀԿ–ն կսատարի նաև անկուսակցական թեկնածուների
INTERVIEW
Ըստ ԿԸՀ կայքի՝ նոյեմբերի 5–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված համայնքի ղեկավարների թեկնածուները մեծամասամբ ՀՀԿ–ական են, երկրորդ տեղում են անկուսակցականները, «Համերաշխությունն» ու «ՔՊ»–ն ունեն մեկական թեկնածու, իսկ ՀՅԴ–ն ու ԲՀԿ–ն համապատասխանաբար՝ 4 և 6։
Թե ինչո՞ւ է «Բարգավաճ Հայաստանը» համեմատաբար քիչ թեկնածուներ առաջադրել առաջիկա ընտրություններին, փորձել է պարզել Past.am-ը։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա բնավ էլ այդպես չէ։
– Ես չէի ասեի, թե մասնակցությունը պասիվ է, մենք առաջադրել ենք և՛ կուսակցական թեկնածուներ, և՛ մի շարք տեղերում՝ անկուսակցական թեկնածուներ։ Ես հիմա, իհարկե, չեմ նշի այդ բնակավայրերը՝ այդտեղ հատուկ ուշադրություն չսևեռելու համար։ Բազմաթիվ տեղերում առաջադրվել են անկուսակցական թեկնածուներ, առաջադրվել են ոչ «Բարգավաճ Հայաստան»–ով, բայց իրենք մեր թիմակիցներն են և, զուտ մարտավարական նպատակահարմարությունից ելնելով, իրենք առաջադրվել են որպես անկուսակցական։ Երբ ընտրություններն ավարտվեն, բնականաբար, մենք կհրապարակենք նաև այն համայնքների ցանկը, որտեղ առաջադրել ենք անկուսակցական թեկնածու։ Ընդհանրապես մեզ համար ցանկացած ընտրություն անիմաստ մրցապայքար չէ։ Մենք առաջադրում ենք այն համայնքներում, որտեղ տեսնում ենք՝ մեր թեկնածուն ռեալ հաղթելու հնարավորություն ունի։ Այսինքն՝ ռեալ կարող ենք իրականացնել մեր ծրագրերը։ Բոլոր կուսակցություններն էլ բազմաթիվ անգամներ սատարել են նաև անկուսակցական թեկնածուների, դա կուսակցական աշխատանքի մշտական պրակտիկաներից մեկն է։ Պարտադիր չէ՝ թեկնածուն լինի կուսակցության անդամ, կարող է լինել անկուսակցական թեկնածու, որի հետ մենք երկար տարիներ աշխատել ենք ու համագործակցել։ Նշյալ համայնքներում ընտրական փուլերում մենք մշտապես արձանագրել ենք շատ բարձր արդյունքներ և հիմա էլ նշյալ մարդկանց որպես անկուսակցականներ սատարելու ենք։ Նրանք ինքնառաջադրված են, բայց մենք ակտիվորեն աջակցելու ենք:
– Ընդհանուր առմամբ քանի՞ թեկնածու ունեք:
– Ես այդ մասին կտեղեկացնեմ նոյեմբերի 5–ից հետո։ Կարծում եմ, որ այս պահին դա ամենակարևոր հարցը չէ։ Ամենակարևոր հարցն այն է, որ ընտրությունները հավասար մրցակցային պայմաններ ապահովեն բոլոր թեկնածուների համար։
– Համոզվա՞ծ եք, որ ամեն ինչ հենց այդպես էլ կգնա՝ հաշվի առնելով նախկին փորձերը։
– Ոչ, համոզված չենք, բայց մենք մեր կողմից անելու ենք առավելագույնը՝ թույլ չտալու ընտրական մթնոլորտի աղտոտում։
–Դրա համար բավարար քանակով վստահված անձինք ունե՞ք։
– Մենք մշտապես ունենք և՛ շատ պրոֆեսիոնալ հանձնաժողովի նախագահներ, և՛ վստահված անձինք։ Նման խնդիր «Բարգավաճ Հայաստանը» երբևէ որևէ ընտրության ժամանակ լինի դա համապետական, թե տեղական մակարդակի, չի ունեցել։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ




















































