Իրանական կողմում կա կամք Հայաստանին առավել մատչելի գնով գազ մատակարարելու. Իրանահայ պաշտոնյա
INTERNATIONAL NEWSԻրանական կողմում կա կամք Հայաստանին առավել մատչելի գնով գազ մատակարարելու վերաբերյալ, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Իրանի Էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարարի խորհրդական Ռոբերտ Բեգլարյանը:
«Նման կամք կա, բայց անշուշտ երբ որ բանակցությունների հանգրվան է հանձնվում, գուցե ուրիշ պայմաններ եւ պարագաներ օրակարգային են դառնում», - նշել է Բեգլարյանը:
Երեք օր առաջ Հայաստանի Էներգետիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար Հայաստանը չի գնում իրանական գազը:
«Գուցե այս հայտարարությունները գալիս են հետագա բանակցությունների եւ սակարկումների ենթահողը պատրաստելու», - կարծիք է հայտնել Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայազգի խորհրդականը: - «Բայց ինչպես արդեն փորձն է ցույց տվել, Իրանի կողմից որեւիցե խոչընդոտ չպետք է լինի այդ հարաբերությունները պահպանվի, ընդլայնվի եւ վերաբանակցվի, քանի որ Իրանն է շահագրգռված է»:
Դեռ չորս տարի առաջ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստ է Հայաստանին, որպես բարեկամ ու հարեւան երկրի՝ գազ վաճառել հատուկ, այլ ոչ թե միջազգային գնով:



