Վերահսկիչ պալատը կդառնա հաշվեքննիչ պալատ, որի մասին օրենքում մի քանի փոփոխություններ կան. Վարուժան Հոկտանյան
POLITICSՆոր սահմանադրության պահանջների համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատը դառնում է Հաշվեքննիչ պալատ, որն ըստ նախագծի՝ ավելի անկախ է և օրենքի նախագծում մի քանի փոփոխություններ կան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Պայմանավորված ՀՀ-ում կառավարման համակարգի փոփոխության հետ, Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գործում հանրապետության նախագահն այլևս որևէ կերպ ներգրավված չէ: Նախկինում առաջադրում էր նախագահը, իսկ ընտրությունը կատարում էր Ազգային ժողովը: Հիմա, ըստ նախագծի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին առաջադրում է ԱԺ իրավասու հանձնաժողովը, ԱԺ-ն ընտրում է նրան»,-ասաց Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է հաշվեքննության հստակեցմանը: Ըստ նախագծի՝ հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում, իսկ այդ ստուգման մեթոդներն ընդլայնվելու են
«Բացի այդ, նախագծում նշված է, որ հաշվեքննության շրջանակում ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից և այլն: Սա նոր բան է, որը նախկինում չկար»,-ասաց Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրն այլևս չի հաստատվելու ԱԺ-ի կողմից.«Դա էլ անկախ մարմին լինելու մեթոդներից մեկն է, նախկինում այդպես չէր: Բացի այդ, հաշվեքննությունների վերաբերյալ ընթացիկ եզրակացություններ տալու հնարավորություն է տրված վերաքննիչին»:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե պետական բյուջեի 75 տոկոսը մսխվում է, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ հնարավոր է նաև այդպես է, սակայն ինչ-որ հայտարարություն անելու հետ միաժամանակ պետք է փաստեր ներկայացնել, իսկ իրավապահ մարմինները դրանք պետք է ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին:
Հարցին, թե Հաշվեքննիչ պալատի նախագծում ևս նշվում է, որ Պալատն անկախ մարմինն է, նույնն էր նաև Վերահսկիչ պալատի դեպքում, սակայն որքանո՞վ է պահպանվում անկախության մեխանիզմը և որքանով է կառույցն անկախ, Հոկտանյանն ասաց, որ անկախ մարմին մնալու խնդիր բոլոր տեղերում կա, այդ թվում նաև դատարանների առումով:
«Սա ընդհանուր խնդիր է, որ ոչ միայն Վերահսկիչին է վերաբերում, այլ նաև օրենքով լիազորություններ ունեցող անկախ մարմիններին, ինչպես նաև դատարաններին: Օրենքը փոխելով, օրենքով առավել անկախ լինելու լիազորություններ տալով անկախություն չես երաշխավորի, այստեղ քաղաքական կամքի հարց է»:
Հոկտանյանը նաև նշեց, որ Սահմանադրության համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը ուժի մեջ կմտնի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը, իսկ մինչև ապրիլ առաջնորդվելու են գործող օրենքով:



