Բրիտանիայի ափերին է մոտեցել «Բրայան» ծովամրրիկը. Անգլիայում և Ուելսում ջրհեղեղի վտանգ կա
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում մոլեգնում է «Բրայան» ծովամրիկը, որը բարձր ալիքներ է առաջացրել ափամերձ շրջաններում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ ընդգծելով, որ օդերևութաբաններն ավելի ուժեղ հարվածի են սպասում:
Քամու 112 կմ/ժամ արագացում է գրանցվել այսօր առավոտյան: Մասնագետները նախազգուշացնում են ջրհեղեղների, էլեկտրաէներգիայի անջատման վտանգի և տրանսպորտային միջոցների հետ կապված հնարավոր խնդիրների մասին:
Ուժեղ քամու մասին «դեղին» աստիճանի նախազգուշացում է տրվել Ուելսում, ինչպես նաև Անգլիայի հարավում և կենտրոնում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ Բրիտանական կղզիները հայտնվել էին «Օֆելիա» փոթորիկի կենտրոնում, ինչի հետևանքով 3 մարդ մահացել էր, հարյուր հազարավորները, հիմնականում Իռլանդիայում, մնացել էին առանց էլեկտրականության:
Իշխանությունները «նարնջագույն» աստիճանի (2-րդը` վտանգավորության տեսանկյունից) նախազգուշացում են տվել և ասել վարորդներին ուշադիր լինել, քանի որ դեռևս նախորդ փոթորիկից թուլացած ծառերը կարող են շուռ գալ:



