Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 20–ին ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։
Ներկայացնելով ընկերության գործունեությունը և արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև էլեկտրական շարժիչով ավտոբուս, ընկերության գնումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։ Նա նախարարին հանգամանորեն ներկայացրել է ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է, մեկ լիցքավորումը տևում է մոտ 4 ժամ, ունի մինչև 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման և տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է և՛ տաք, և՛ սառը կլիմայական պայմաններում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրական ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել փորձարկման ծրագիր՝ ստուգելու, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում:



