Երևան–Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է
SOCIETYԵրևան–Սևան–Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան–Սևան ուղղությամբ 36–57–րդ կմ–ում և Սևան–Երևան ուղղությամբ 64–57–րդ կմ–ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով: Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները: Աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28–ին։
Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10–ին: Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է:
Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ: Ճանապարհի հիմնանորոգումն արագ ավարտելու նպատակով աշխատանքները վստահվել են մրցույթում հաղթող ճանաչված երեք շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհ», «Կապավոր» և «Սուարդի»:
Կատարվել են ճանապարհահատվածների երկու երթևեկելի մասերի և կողնակների 5սմ հաստությամբ ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։ Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո «Կապավոր» և «Ճանապարհ» ճանապարհաշինական ընկերություններն իրենց միջոցներով ասֆալտապատել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան–Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: Վերջինը տարիներ շարունակ անբարեկարգ էր:



