Արցախում մեկնարկել են համայնքապետերի համար նախատեսված դասընթացները
SOCIETYԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հա սարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով դասընթացների կազմակերպումը` վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից:
Անդրադառնալով համայնքային խնդիրներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գյուղական բնակավայրերի գլխավոր խնդիրներից են անկանոն անասնապահությունը, չկարգավորված աղբահավաքությունը և հանրօգուտ կոլեկտիվ աշխատանքի բացակայությունը: Խնդիրները հաճախ չլուծված են մնում ոչ միայն համայնքապետների անհետևողական աշխատանքի, այլև հետագայում վերընտրվելու հնարավորությանը չվնասելու պատճառով, ինչն արատավոր երևույթ է: Ակնկալում եմ, որ դասընթացների ժամանակ կքննարկեք նաև նշյալ հիմնախնդիրների լուծման տարբերակները»:
Հանդիպման ավարտին վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին լինել ակտիվ ու նախաձեռնող, փորձել համապատասխան պաշտոնյաներից ստանալ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և ձեռք բերված գիտելիքները հետագայում կիրառել աշխատանքում:



