Հայկական ընկերությունը ճանաչվել է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի առաջատարը
SOCIETYԲուենոս Այրեսում հոկտեմբերի 9-21-ը Արգենտինայի մոդերնիզացիայի նախարարության հովանու ներքո անցկացվում է Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին մասնակցում են Հեռահաղորդակցման միջազգային միության անդամները:
Հոկտեմբերի 11-ին համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «տարածաշրջանային առաջատար ընկերություն» անվանակարգում մրցանակներ են շնորհվել տարբեր մայրցամաքներ ներկայացնող հեռահաղորդակցման ոլորտի հինգ ընկերությունների:
Արևելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն մրցանակը ստացել է հայկական «Արմենտել» ընկերությունը:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ում փոխանցվել է խորհրդանշական պարգևը:



