«Գրքի գիշեր»–ը զեղչված գներով սիրելի գրքերը գնելու հնարավորություն կընձեռի
SOCIETYԳրքասերներին բազում անակնկալներ խոստացող «Գրքի գիշեր–2017»–ի շրջանակում «Բուկինիստ» գրախանութի բոլոր գրքերը ընթերցասերները կարող են գնել 30% զեղչով: Դրան զուգահեռ գրքին առնչվող մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում: «Գրքի գիշեր–2017»–ը տեղի կունենա հոկտեմբերի 14–ին «Էրեբունի–Երևան–2799» տոնակատարության շրջանակում: Միջոցառման մասին հոկտեմբերի 12–ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցները:
«Պուրակում 19 միջոցառում է իրականացվելու: Հրավիրել ենք գրողների, որոնց հետ մարդիկ կարող են զրուցել և նրանց գրքերը ձեռք բերել ինքնագրերով: Պուրակում տեղակայված կլինի երկու լուսանկարչական տաղավար, որտեղ երեխաները և մեծահասակները կարող են անվճար լուսանկարվել: Նախատեսվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա տիկնիկային ներկայացում ցուցադրել: Երեկոյան համերգային ծրագիր կիրականացվի. մեր համաքաղաքացիների տրամադրությունը բարձր կպահեն հեղինակային երգիչները` կատարելով իրենց ստեղծագործությունները: Ներկաները հնարավորություն կունենան դիտել «Ալիսը հրաշքների աշխարհում» կինոնկարը»,– նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`անցյալ տարի անցկացված «Գրքի գիշեր»–ը ապացուցեց, որ սին են կարծիքները, թե հասարակությունը հեռացել է գրքից: «Գրքի, գրականության միջոցով մենք մեր երեխաներին ուղղորդում ենք հրաշքների կախարդական աշխարհ, ծանոթացնում մեր պատկերացրած հայրենիքին: Հուսամ`այս միջոցառումը կխթանի գրավաճառության աճին, կնպաստի գրքի հանրահռչակմանը»,– ասաց նախարարը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Գրքի գիշեր»–ը ևս մեկ լավ հարթակ է դեպի գիրքը և գրականությունը սեր արթնացնելու համար: Այս ծրագիրը կդառնա ավանդույթ և ամեն տարի Երևանի տոնին ավելի խոշոր մասշտաբներով «Գրքի գիշեր» կիրականացվի, հնարավոր է, որ հետագայում նաև մյուս գրախանութները ներգրավվեն»,– եզրափակեց Հովհաննիսյանը:
«Գրքի գիշեր»–ն իրականացվում է «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:



