Երեկ Հայաստանում նշվում էր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը
SOCIETY2004 թ. հոկտեմբերի 12–ին Հայաստանը միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: 2008–ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12–ը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
ՀՀ–ում ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը:
Ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%–ի:
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Կոնվենցիայով օրենսդրությանը վերաբերող պահանջներն ապահովելու նպատակով մշակվել և օգոստոսի 3–ին կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3–4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10%–ով կրճատելն է։
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, այժմ ձևավորվում է ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։ Մոտ օրերս ռեֆորմի շրջանակներում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի հրապարակումների՝ 2015 թ. տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջինում ամսական տնային տնտեսությունների սպառողական ծախսերի 18,8%–ն ուղղվել է ծխախոտի գնմանը: Դիտելով տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական Տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերի կառուցվածքը 2004, 2008, 2013–2015թթ.՝ տեսնում ենք, որ ծխախոտի գնումը 2004 թ. կազմել է 808 դրամ, 2008 թ.–ին արդեն հատել է 1000 դրամի սահմանը, իսկ 2015 թ.–ին կազմել 1414 դրամ: 2015 թ. մեկ շնչի հաշվով ծխախոտի գնումը քաղաքային ու գյուղական համայնքներում կազմել է համապատասխանաբար՝ 1470 ու 1320 դրամ:



