ԱՄՆ–ն և Թուրքիան դիվանագիտական սկանդալի առաջ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել, որը կողմերին կանգնեցրել է ոչ միգրացիոն վիզաների տրամադրման փոխադարձ կասեցման փաստի առջև: Վաշինգտոնում թուրքական դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ստիպված է վերագնահատել թուրքական դիվանագիտական կորպուսի անվտանգության ապահովման՝ ամերիկյան կառավարության ստանձնած հավատարմությունը, ինչպես նաև՝ տեղեկացրել է այն մասին, որ դադարեցնում են իրենց դիվանագիտական ծառայությունների միջոցով մուտքի թույլտվություն տալ ԱՄՆ քաղաքացիներին: Ըստ էության, սա Անկարայի հայելային պատասխանն է Վաշինգթոնին, որի դեսպան Ջոն Բասսը մինչ ա՛յդ էր Անկարայում հանդես եկել վիզաների տրամադրման կասեցման վերաբերյալ նույնատիպ հայտարարությամբ՝ այն պայմանավորելով անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորմամբ:
Վերջինս, ի դեպ, մեղադրվում է «քաղաքական/ռազմական լրտեսության», «Թուրքիայի սահմանադրական կարգը խախտելու և իշխանության տապալման փորձի» մեջ, ինչին Վաշինգտոնն, ինչպես տեսաք, խիստ է արձագանքել: «Ինձ խորապես անհանգստացնում է փաստը, որ Թուրքիայի կառավարությունում ոմանք նախընտրում են այս գործը քննել մամուլի միջոցով և ոչ դատական կարգով: Ըստ իս՝ սա արդար չէ, և այս գործելակերպն ավելի շատ նման է վրեժի: Համոզված եմ, որ ամերիկացի աշխատակցին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Վստահ եմ նաև այն բանում, որ հնչեցվող մեղադրանքները հաստատող ապացույցներ ի հայտ չեն գա»,– հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպանը՝ միաժամանակ պնդելով, որ «ԱՄՆ դեսպանության աշխատակիցների դեմ ուղղված անհիմն և անիմաստ մեղադրանքները վտանգում և արժեզրկում են Նահանգների և Թուրքիայի երկարամյա գործընկերությունը»:
Երկու երկրների հակասությունների գլխավոր պատճառն, այսպիսով, շարունակում է ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգում ապաստանած իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մնալ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ և ամերիկյան իշխանություններից պահանջում են արտահանձնել նրան, ինչին Վաշինգտոնը ցայսօր չի համաձայնում:
Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը



