Աշնանացան չեն կարողանում կատարել. անելանելի վիճակ գյուղերում
SOCIETYԼոռու մարզի գյուղացիների մեծ մասը չի կարողանում աշնանացան ցորենի ցանքս կատարել: Հողագործությունից այս տարի եկամուտ չստացած գյուղացին չի կարողանում ցորեն գնել: Նման անելանելի վիճակում են հայտնվել մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները:
Գրիշա Գրիգորյանի՝ 3 հեկտար ցորենի արտը դեռ գարնանը չէր կանաչել: Նա նախորդ տարվա աշնանը Ստեփանավանի Կողես համայնքից ցորենի սերմացու էր գնել, բայց գարնանը ստիպված նոր ցանքս էր կատարել:
«Ով որ էդ ռայոնից բերել է, ոչ մեկինը չի ծլել: Մարդիկ կրկնակի ծախսի տակ ընկան, որ նորից վարուցանք անեն: Մարդ կա՝ 70 հեկտար ցորեն է ցանել, չի ծլել, նորից վարել է, որ տեղը մի բան ցանի, գոնե, հողն անմշակ չմնա»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Մեծ Այրում գյուղի բնակիչը:
Մեծ Այրումի բնակիչը կրկնակի ծախս է կատարել՝ արևածաղիկ ու եգիպտացորեն ցանել: Բերք կրկին չի ստացել: Մարզում այս տարի երաշտ էր՝ բերքատվությունը ցածր է եղել: Ստացած անորակ բերքը նա ստիպված անասնակեր է դարձնում:
«60–70 մեշոկ հիմի արևածաղիկ ունեմ, տարել եմ ալրաղաց, որովհետև որակը տեղը չի՝ ո՛չ ծախվում է շուկայում, ո՛չ էլ մեկն ընդունում է: Հիմա դա անասնակեր եմ դարձնելու»,– հուսահատություն հայտնեց հողագործը:
Եղանակային պայմանների պատճառով բերքը կորցրած գյուղացին այսօր չի կարողանում աշնանացան կատարել: Գրիշա Գրիգորյանի 6 հեկտար հողամասում ցանքս չի կատարվի: Համայնքի մշակովի հողերի մեծ մասը նույնպես անմշակ կմնա:
«Ժողովուրդը հնար չունի, որ գնա սերմացու առնի ու իրա գործն անի: Եկամուտ չենք կարողացել ստանալ ընդհանրապես, ոչ մեկ փող չունի: Առանց այն էլ պարտքեր ունենք, չենք կարող էլի վարկերի տակ մտնել»,– նշեց մեր զրուցակիցը:
Մեծ Այրում համայնքում արդեն 10 տարուց ավելի է գյուղացիները լայնորեն անցել են արևածաղկի մշակությանը: Գյուղացիները հավաստիացնում են, որ արևածաղիկը միակ բերքն է, որը շահութաբեր է։ Միջին բերքը ստացվում է 15–20 ց/հա, իսկ ոռոգելու և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կարելի է ավելին ստանալ։
Գյուղացիների հաշվարկները ցույց են տալիս` նույնիսկ հեկտարից 5 ցենտներ բերք ստանալիս եկամուտը փակում է կատարած ծախսերը։ Նրանց խոսքով` բույսի անպետք մասն էլ դեն չեն նետում` անասնակեր են դարձնում։ Միակ խնդիրը դրսից ներկրումներն են:
«Կիլոգրամը 400–500 դրամով ենք վաճառում, կարելի է ասել, եկամուտ ապահովում է, բայց դրսից ներկրումները չեն թողնում, որ մեր գործն առաջ գնա։ Դրսից տարբեր տեսակի արևածաղիկ է բերվում, տեղականն էլ արդեն չի վաճառվում»,– դժգոհեց գյուղացին:



