Փնտրվում է երկրի թիվ մեկ տղամարդը…
POLITICSԱմենագետ, պերճախոս Արտաշես Գեղամյանին բառերը չեն հերիքել ու բռունցքներն է օգտագործել: Դա իրենից չէ, մեր ամենժամանակյա խոսքաշենից: Մտածում ես՝ այդ ի՞նչ եղած պետք է լիներ, որ այդպես լիներ:
Ու պարզվում է խոսքը վերաբերել է հայ–ռուսական զորախմբի ստեղծմանը: Այսինքն՝ բանը ռուսներին է վերաբերել, ու, բնականաբար, Արտաշես Մամիկոնովիչի զգացմունքները շիկացել են. էլ ի՜նչ բառեր, որքան էլ դրանք շատ լինեն գլխիդ մեջ:
Ու օգտագործվել են արդեն բռունցքները:
Բայց այստեղ մի նրբություն էլ կա, որ պետք է հաշվի առնենք: Բանն այն է, որ երկար ժամանակ թափուր է մնացել երկրի թիվ մեկ տղամարդու աթոռը: Ու… Գեղամյանն է իր այս քայլով հավակնել դրան:
Կապ չունի տարիքը, կարևորը ոգին է՝ դուխը: Դուխն էլ հա տեղն է ու տեղը:
Արդեն՝ լուրջ: Փաստարկներ երբ չկան, գործում են ձեռքերը, բռունցքը, մի խոսքով՝ աշխատում են ֆիզիկական մեթոդներով: Եթե մեր խորհրդարանում տեղի ունենար գրագետ դիսկուրս քաղաքական և տարաբնույթ այլ թեմաներով, ապա հաստատ բանը դրան չէր հասնի: Եվ խոսքը բնավ էլ դուրս չէր գա պատշաճության սահմաններից ու դառնար անձնական վիրավորանք:
Սա հաստատ է: Իսկ հիմա եղածը ընդամենը հասարակությանը թարմացնող նշանակություն ունի: Մարդիկ իմացան տեղի ունեցածի մասին. կարդացին կողմերից յուրաքանչյուրի գրածը, թե որ կողմն ինչպե՞ս է ներկայացնում այն, ինչ եղել է, ով ինչքա՞ն է հպարտորեն խոսում իր արածի մասին կամ էլ՝ չքմեղանում, թե նման բան տեղի չի ունեցել:
Է՛լ ավելի են խորանում ֆեյսբուքյան աշխարհում. պրպտում ու երևան են բերում նոր հրապարակումներ, նոր կարծիքներ, ու կյանքը բավականին հետաքրքիր է դառնում Հայաստանի Հանրապետությունում:
Սա էլ քաղաքական մեր կարևորագույն մարմնի՝ կառավարման առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ Ազգային ժողովի նվերը իր ժողովրդին՝ ուրախ ու ծիծաղկոտ տրամադրություն:



