Ինքնազարգացման օրինակը՝ գեղանկարների հարուստ ժառանգության մեջ
SOCIETYԱրևելյան Հայաստանից աքսորված և Բուլղարիայում վերահաստատված հայ ընտանիքի զավակը՝ Պետիկ Պետրոսյանը (1912–1989), մեծանալով Դանուբի ափերին և գետի եզերքի գեղեցիկ բնապատկերներից ներշնչվելով, ստեղծագործական հսկա ժառանգություն է թողել:
Ազգային պատկերասրահում բացվեց հայտնի հայ գեղանկարչի «Նավամատույցներ» ցուցահանդեսը, որին ներկա էին նաև կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, արվեստագետներ և դիվանագետներ: Հայ արվեստասեր հասարակությունը հոկտեմբերի 4–ից մինչև նոյեմբերի 3–ը հնարավորություն կունենա ծանոթանալ գեղանկարչի ստեղծագործական ժառանգությանը:
Պետիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգությունն անհատական արվեստում մարդու կատարելագործվելու բարձր օրինակ է:
ՀԱՊ հայ գեղանկարի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ Ազգային պատկերասրահում առաջին անգամ են ներկայացվում բուլղարահայ գեղանկարչի ստեղծագործությունները:
««Նավամատույցներ» ցուցահանդեսը կազմակերպվեց Գևորգ Գևորգյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, ՀԱՊ–ի, Բուլղարիայի դեսպանության նախաձեռնությամբ: Մենք ներկայացնում ենք մի հայ ստեղծագործողի, ում արվեստը ինքնազարգացման օրինակներից մեկն է: Գեղանկարիչը, չստանալով բարձրագույն կրթություն, իր արվեստը կերտել է ռումինական արվեստի հիմքի վրա: Պետիկ Պետրոսյանի արվեստում գերակշռում են բնանկարները, որոնք ընդգրկում են թե՛ ծովային, և թե՛ ցամաքային տեսարաններ: Ցուցահանդեսի կոնցեպցիան մի քանի մասից է: Շեշտը դրել եմ ծովային տեսարանների վրա: Սրահում առանձնացված են նաև ցամաքային տեսարանները: Առանձին են ներկայացվել նաև սոց–ռեալիստական շրջանի աշխատանքները: Բացի այդ, փոքրիկ սրահում ներկայացվում է Սիլիստրայի Սուրբ Աստվածածին հայկական առաքելական եկեղեցու իկոնան, որն այնտեղից է բերվել: Այդ սրահում կան նաև զարդանախշերի վերատպություններ»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Խաչատրյանը:
Վերջինս ընդգծեց՝ ՀԲԸՄ–ն ունի իր գործառույթը, որը բացառապես հայապահպանության, հայերի ճանաչողության գործոնն է:
«Այս կարևոր գործառույթի շուրջ միավորվելով՝ մենք կազմակերպեցինք այս ցուցահանդեսը»,–հավելեց նա:
Ընդհանուր առմամբ՝ Պետիկ Պետրոսյանի ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 600 աշխատանք՝ գեղանկարներ, բազմաթիվ էսքիզներ, գծանկարներ: Լանդշաֆտային կոմպոզիցիաների մեջ թեմաների և առարկաների բազմազանությունը ներկայացված է մի շարք քաղաքային համայնապատկերների միջոցով՝ հիմնականում Սիլիստրայից և շրջակայքից:



