Գյուղապետերը չեն կարողանում հավաքագրել սեփական եկամուտները
SOCIETYՄի շարք համայնքների ղեկավարներ չեն կարողանում հավաքագրել սեփական եկամուտները:
Արմավիրի մարզի Նորավան համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանը նրանցից մեկն է: Նորավանում հոկտեմբերի մեկի դրությամբ հավաքագրվել է սեփական երկամուտների միայն 50%–ը: Խոստովանում է՝ ո՛չ ինքն է թերանում իր աշխատանքում, ո՛չ էլ գյուղացին իր պարտականություններում: Խնդիրը մարդկանց սոցիալական վիճակն է: Հողագործության հույսով ապրող նորավանցին դեռ բերքը շուկա չի տարել: Այն վաճառելու դեպքում միայն կարող են հողի, ջրի ու մյուս հարկերը վճարել:
Նորավանում հիմնականում կաղամբ են մշակում: Աշնան կաղամբն արդեն նորավանցին շուկա է հանել:
«Կաղամբը վաճառեն, արդեն կսկսեն գանձումներն անել: Մենք միշտ էլ 100% կատարողական ենք ապահովել: Նոյեմբեր ամսից կվճարեն»,– Past.am-ի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավարը:
Այս տարի Նորավանում կաղամբի առատ բերք է սպասվում: Ցանքատարածություններն էլ նախորդ տարվա համեմատ 15 հեկտարով ավելացրել են: Այստեղ 50 հեկտար կաղամբ կա ցանված: Միայն թե գյուղացիները մտահոգություն ունեն՝ կաղամբի գինը չնվազի:
«Հիմա կաղամբի կիլոգրամը 50 դրամով ենք վաճառում, դա էլ որ մնա լավ է, վախենում ենք, որ գինը կընկնի: Գինը հարմար է, մենակ թե վաճառվի»,– մտահոգություն հայտնեց նա:
Սեփական եկամուտների հավաքագրման նվազագույն՝ 50%–ի շեմը դժվարությամբ հաղթահարել են նաև Արգինա համայնքում: Գյուղատնտեսական տարին այս համայնքի համար անհաջող է եղել: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հողագործը զրկվել է ապրուստի միջոցից: Արգինայում այս տարի ծիրան չի եղել:
«Կարկուտն այս տարի ծիրանի բերքն ամբողջությամբ ջարդել է, դրանից եկամուտ չենք կարողացել ստանալ»,– փոխանցեցին Արգինայի բնակիչները:
Ցորենի, առվույտի բերքը նույնպես պակաս է եղել: Վարկի բեռի տակ կքած գյուղացին թերացել է հարկերը վճարելու հարցում: Այստեղ նաև ոռոգման ջրի պատճառով չեն կարողացել հողից շահույթ ստանալ:
«Ոռոգման ջուրը պակաս էր՝ պոմպերով է ջուրը եղել ու գրաֆիկով»,– իրավիճակը ներկայացրեց Արգինայի ղեկավար Ռոստամ Արոյանը:
Նա հարկերի հավաքագրման ցածր տոկոսի մասին ևս մեկ պատճառ է նշում: Արտագաղթը շատ բնակիչների է Արգինայից տարել: Նրանք հողերը թողել և հեռացել են համայնքից, գյուղապետը չի կարողանում հարկերը պահանջել:
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1–ի դրությամբ նախատեսված 1,5 մլրդ դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ 84,5%: 2016 թվականի նույն ժամանակահատվածում նախատեսված 1,2 մլրդ դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1 մլրդ դրամ կամ 80,4%: 2017 թվականին սեփական եկամուտներից մեկ շնչին ընկնող մասը կազմում է 10170 դրամ:
Մանյա Պողոսյան



