Քաղաքապետարանն ավստրիական ընկերության հետ քննարկում է Երևանում նոր ճոպանուղու կառուցման հարցը
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումից հետո ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական հանդիպում-քննարկում է ունեցել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակվել ճոպանուղիների կառուցման գործընթացի, ինչպես նաև դրանց հետագա գործարկման ու շահագործման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ Վալերի Յաշինը նշել է, որ 1883թ. հիմնադրված ընկերությունը աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում կառուցել է 14600 ճոպանուղի: «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարը նաև հատկանշել է, որ ճոպանուղու երթերի ճիշտ ուղղության ընտրությունը դեպի ճոպանուղի կներգրավի զբոսաշրջային հոսքեր: Միաժամանակ, հաշվի առնելով Երևանի տեղանքը և ճանապարհային խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը, մասնագետների հավաստմամբ, կարող է նաև որոշակի արդյունավետ լուծումներ ապահովել ինչպես տրանսպորտային փոխադրումերի, այնպես էլ խիտ երթևեկության բեռնաթափման գործում:
Բարձր գնահատելով միջազգային ընկերության բազմամյա փորձն ու Երևանում նոր ճոպանուղի կառուցելու հարցում ցուցաբերած հետաքրքրությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն իր հերթին նշել է, որ սա իսկապես կարևոր ներդրում և լուծում կարող է լինել մայրաքաղաքի օրեցօր մեծացող տրանսպորտային հոսքերի բեռնաթափման առումով:
«Նոր ճոպանողու կառուցման ծրագիրը մենք դիտարկում ենք որպես մասնավոր ներդրումների ներգրավմամբիրականացվելիք ծրագիր, ինչը, համոզված ենք, մայրաքաղաքում վերականգնելով տրանսպորտային այս տեսակիշահագործումը, իր հերթին կարևոր նշանակություն կունենա միանգամից մի քանի ոլորտների համար: Ըստ այդմ, նաև կարող ենք վստահեցնել, որ մենք բաց և պատրաստակամ ենք համակողմանիորեն քննարկելու երկուստեքփոխշահավետ համագործակցության բոլոր հնարավորությունները»,- նշել է Վահե Նիկոյանը:
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս վերահաստատվել է առաջիկայում համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի շրջանակում էլ կիրականացվի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:



