Մադրիդը սխալվեց՝ Կատալոնիային ճնշելով
INTERNATIONAL NEWSՉնայած Իսպանիայից անջատվել կամեցող կատալոնացիներին համաշխարհային մեդիան հիմնականում սեպարատիստներ, անխոհեմներ և այլ որակումներով է կնքում, չենք դադարի կրկնել, որ Մադրիդը չարաչար սխալվեց՝ սեփական քաղաքացիներին նախ՝ ահաբեկելով, ապա նաև նրանց նկատմամբ բռնություններ իրականացնելով: Համոզված ենք՝ հենց Մադրիդին չէր խանգարել առավել խոհեմություն դրսևորել մի ժողովրդի նկատմամբ, որը նույնիսկ վաղ միջնադարում արագոնական գահի հանդեպ իր հավատարմությունն էր բացառապես փոխադարձությամբ պայմանավորում:
«Մենք և մեզնից յուրաքանչյուրը, որ հավասար է քեզ, մենք, որ միասին ավելին ենք քեզնից, քեզ թագավոր ենք ճանաչում և հավատարմության երդում տալիս հանուն նրա, որպեսզի դու պահպանես ու պաշտպանես մեզ և աշխատես միայն հանուն մեր բարգավաճման: Եթե ոչ՝ ո՛չ»,– երդվում էին կատալոնացիները, և գահը կատալոնական «ոչ»–ի հետ հաշվի էր նստում: Իսկապես. եթե Մադրիդը ոչ անգամ անցած–գնացած արագոնացիների խոհեմությունը, բայց գոնե ներկայի բրիտանական խորամանկությունն ունենար (ոչ թե աճող դժգոհության պայմաններում գործեր սովետական Մոսկվայի նմանությամբ, որի համար աշխատում էին բոլորը, բայց որն այն կարծիքին էր, թե ինքն է պահում փոքր եղբայրներին), ընդառաջ կգնար կատալոնական պահանջներին և գոնե իր հարկային քաղաքականությունը կվերանայեր տարածաշրջանում: Ավելին՝ նույն բրիտանական օրինակով տեղական կառավարման մարմիններին գործելու լայն ազատություններ կշնորհեր, և Անկախության հանրաքվեին դեմ լինելով այն կարտոներ՝ լայն ժողովրդավարության պայմաններում փաստի առաջ կանգնեցնելով Կատալոնիայի անջատումը երազողներին:
Բայց՝ ո՛չ. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իրեն արենա դուրս եկած ցլամարտիկի պես պահեց, «կարմիր կտոր թափահարելով՝ անկառավարելիության աստիճան կատաղեցնելով ցուլին»: Ռախոյն ու իր կաբինետը այնքան տարվեցին Իսպանիայի միասնությունը բռնությամբ պահպանելու մարմաջով, որ վախենամ՝ նաև բասկերի, Անդալուզիայի, Նավարայի և մյուսների դեպքում «ջինը դուրս թողին շշից»: Այնպես, որ՝ ճշմարիտ է այս օրերին հազվագյուտ ողջամտություն ցուցաբերած El Pais–ը, որն իր վարչապետ Ռախոյին ու նրա թիմին մեղադրեց այնպիսի անադեկվատության մեջ, ասես՝ սրանք բոլորն այս տարիներին ոչ կատալոնական իրականությունը գիտեին, ոչ՝ իսպանական, ոչ մամուլ են կարդացել, ոչ էլ տեղյակ էին կատալոնական Mossos d’Esquadra–ի՝ սեփական ժողովրդի նկատմամբ հավատարմության մասին: Հետաքրքիր է՝ նրա փոխարեն այլ ռեգիոններից ուժայիններ ներմուծելով՝ Մադրիդն ինչի՞ հասավ: Եվ, մի՞թե, չէր կասկածում, որ նրանց մուտքը Կատալոնիա նույնիսկ անջատմանը դեմ եղողների կողմից է օտարի բռնազավթում դիտարկվելու…
Ի դեպ, չենք զարմանա, եթե հընթացս այլ անջատողական տրամադրությունների՝ Եվրոպայում հերթական անգամ եվրոսկեպտիցիզմի ալիք բարձրանա այս դեպքերից հետո: Շատ պարզ պատճառով. երկար ժամանակ քար–լռություն պահպանելուց հետո՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը, առանց բռնությունները դատապարտելու, հայտարարեց, թե «կատալոնական իրադարձություններն Իսպանիայի ներքին գործն են»: Ճիշտ է՝ Մադրիդի գործողությունները դատապարտող առանձին հայտարարություններ էլ եղան՝ ինչպես Բելգիայի վարչապետի դեպքում, բայց ԵՄ ընդհանրական դիրքորոշումն ահա Յունկերն ի ցույց դրեց: Իբր՝ դա մեզ չի հետաքրքրում, Մադրիդն ինչպես հարմար է գտնում՝ թող այդպես էլ ծեծի իր քաղաքացիներին: Կուզի՝ մահակներով, կուզի՝ ռետինե, կուզի՝ իսկական փամփուշտներով:
Իսկ Կատալոնիայում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, գործադուլներ են: Բնական է. անկախ հետագա զարգացումներից ու արդյունքից՝ այսպիսի սխալները չեն ներվում: Այն էլ՝ կատալոնացիների պես ժողովրդի կողմից:
Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը



