ԿԺԴՀ-ն սպառնացել է Ճապոնիային «միջուկային ամպերով»
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան Ճապոնիային սպառնացել է «միջուկային ամպերով» ճնշումը շարունակելու դեպքում: Այդ մասին ասված է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ հայտարարությունը փոքր-ինչ ուշացած արձագանքն է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ելույթին, որով նա հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակ Աբեն կոչ է արել միջազգային հանրությանը զրկել ԿԺԴՀ-ին հրթիռային ու միջուկային ծրագրերի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորումից և տեխնոլոգիաներից:
«ԿԺԴՀ-ի նկատմամբ Ճապոնիայի ճնշումը, որը սրում է Կորեական թերակղզում իրավիճակը, ինքնասպանություն է և ճապոնական կղզիներ միջուկային ամպեր է բերում: Ոչ մեկ չգիտի՝ երբ պայթունավտանգ եզրագծին հասցված իրավիճակը կվերածվի միջուկային պատերազմի»,- ասված է ԿԺԴՀ-ի հայտարարությունում:



