Հին Երևանի շենքերն են ապրելո՞ւ, թե կողքի բարձրահարկերը
INTERVIEW
Past.am-ը անդրադարձել է Փ. Բուզանդ և Արամի փողոցների միջանկյալ հատվածում փորված հսկայական փոսին ու կատարվող շինաշխատանքներին: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հետ շրջել էինք տարածքով: Նրա խոսքով՝ իրականացվող շինարարությունը «Հին Երևան» նախագծի շրջանակներում է: Ճարտարապետը շինարարությունը պատմության աղավաղում որակեց: Գ. Մուշեղյանն ասաց՝ վերջին գլխավոր հատակագծում, որի հեղինակային խումբը ինքն է գլխավորում, այսպիսի բան չկա: Ըստ նրա՝ «Հին Երևան»–ի հեղինակը հակառակն է պնդում:
Ստեղծվածի շուրջ կապ հաստատեցինք նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ: Նախ ասացինք, որ մասնագետի կարծիքով նշված տարածքում շինարարությունը անընդունելի է, ինքն ի՞նչ է կարծում այդ մասին:
«Փոսորակ է փորված՝ դեռևս շինարարություն էլ չի գնում: Հետո՝ զանգում եք կառույցի հեղինակին, ասում եք՝ ձեր կառույցը ճիշտ է՞, որը նախագծում եք: Ես «Հին Երևան» ծրագրի հեղինակն եմ, ի՞նչ եք ուզում, որ ասեմ: Ասեմ սխալ նախագիծ եմ հա՞ արել: Դա Երևանի գլխավոր հատակագծով հաստատված ծրագիր է: Անընդհատ օրենքից եք խոսում, օրենքի պահպանությունից: Շեշտում եմ՝ գլխավոր հատակագծով այդ հատվածում կլինի այդ ծրագիրը»,– ասաց Լևոն Վարդանյանը:
Դիտարկմանը, թե քիչ են կարծիքները, որ էլ ի՞նչ «Հին Երևան», որտեղ նաև եվրոպական ոճով կառուցված բարձրահարկ շենքեր կան, Լևոն Վարդանյանն ընդգծեց. «Այդ սուրճ խմելու շուրջ հնչող խոսակցություններն ինձ այնքան քիչ են հետաքրքում: Այդ ծրագիրը 15 տարի է՝ գնում է: Մասնագիտական բոլոր օղակներով նախագիծը քննարկվել է: Ծրագիրը նայվել է և Մշակույթի նախարարությունում և քաղաքապետարանում: Էլ ի՞նչ կարծիքների մասին է խոսքը: Սկսվել է ծրագրի փոսորակի փորումը և նախագծի այդ կտորը համաձայնեցված է»:
Գ. Մուշեղյանը նշել էր, որ այդ շինարարությամբ քար ենք գցում մետրոպոլիտենի ապագա զարգացման վրա: Նրա հավաստմամբ՝ այդ ուղղությամբ է անցնելու քաղաքի մետրոպոլիտենի երկրորդ կարևոր ուղղություններից մեկը:
Անդրադառնալով ճարտարապետի այս մտահոգությանը, Լևոն Վարդանյանն արձագանքեց.
«Ի՞նչ մետրոյի կառուցում: Այդ ի՞նչ խոսակցություններ են: Մուշեղյանն ինձ այնքան է հետաքրքիր, որքան անցած տարվա ձյունը: Ես ձեզ ասեմ՝ դուք՝ լրատվամիջոցներդ, ամեն տեղ պահանջում եք, որ էս երկիրը լինի օրինական: Ես ձեզ ասում եմ՝ այդ հատվածը Երևանի գլխավոր հատակագծով հաստատված ու համաձայնեցված է՝ դա էլ այդ գլխավոր հատակագծի մի կտորն է: Եթե դա մետրոյի շինարարությանը խանգարում էր, գլխավոր հատակագծում այդ կտորը համաձայնեցված ու հաստատված կլինե՞ր: Երբ քաղաքի գլխավոր հատակագիծը մշակվում էր, Ձեր նշած բոլոր կտորները նայել են: Հաշվի են առնվել թե՛ տրանսպորտը և թե՛ ինժեներական մնացած բոլոր հարցերը»:
Հարցին, թե հաշվի առնելով, որ այդ տարածքի շուրջը բարձրահարկ շենքեր են, այդ առումով կհաջողվի՞ հին Երևանի կոլորիտն ապահովել, նա պատասխանեց.
«Եթե իրենք վերցնում են ու քանդում գոյություն ունեցող կառույցները, կողքը բարձրահարկ շենքեր են դնում, ստեղծում աննպաստ քաղաքաշինական սիտուացիա, ես պետք է ենթարկվե՞մ նոր ստեղծվող սիտուացիային: Հին Երևանի շենքերն են ապրելո՞ւ, թե կողքի բարձրահարկերը: ժողովուրդը ո՞րն է ընդունելու: Էդ կտո՞րը, թե կողքի նորակառույց բարձրահարկերը»:
Հարցին, թե խոսքն այն մասին է, թե այդ երկու՝ իրարից տարբեր միջավայրերը որքանո՞վ են համահունչ, Լևոն Վարդանյանը պատասխանեց.
«Դա ամենաբարդ քաղաքաշինական խնդիրն է, որը ես փորձել եմ լուծել: Ու լուծել եմ որպես հեղինակ, իմ ձևով: Իսկ որքանո՞վ է համահունչ, երբ դուք Հանրապետության հրապարակից նայում եք ու հետևից լիքը բարձրահարկ շենքեր տեսնում»:
Իր հարցի բացասական պատասխանը լսելուց հետո ճարտարապետն էլ չշարունակեց զրույցը՝ նշելով, որ զբաղված է:
Աննա Բադալյան




















































