ՀՀ քաղաքացու որդին հաստատվեց Ռուսաստանում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԱՄՆ–ն Ռուսաստանում նոր դեսպան ունի: Սեպտեմբերի 28–ին Սենատը հաստատել է Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը: Ջոն Թեֆթը, ով 2014 թվականից ղեկավարում էր Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, հինգշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվայից: Սենատում լսումների ժամանակ Հանթսմանն անդրադարձել է ռուս–ամերիկյան հարաբերություններին և հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում պարտականություններն ստանձնելուն, որպեսզի հակազդի Ամերիկայի ռուսաստանցի հակառակորդներին՝ պատժամիջոցների և կրթամշակութային փոխանակման քաղաքականության միջոցով: Դիվանագետի համոզմամբ՝ այդ մոտեցումը կօգնի Ռուսաստանի քաղաքացիներին ավելի քննադատաբար գնահատել սեփական կառավարության գործունեությունը:
Թե նոր դեսպանի նշանակումից հետո ռուս–ամերիկյան լարված հարաբերություններն ինչպես կզարգանան, կերևա առաջիկայում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում Ամերիկայի դեսպանի պաշտոնում Ջոն Հանթսմանի թեկնածության մասին Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել էր հուլիսին: Ու դեռ այն ժամանակ դա մեծ աղմուկ էր առաջացրել… Բաքվում:
Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար:
Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար: Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հընթացս նշենք, որ 80–ամյա Հանսթման ավագն իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է Forbes–ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982 թ. հիմնել է Huntsman Chemical ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն:
Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել էին՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,– դեռ այն ժամանակ գրել էր ադրբեջանական մամուլը:
Իհարկե, խիստ կասկածելի է, որ Հանթսմանի հոր՝ ՀՀ քաղաքացիություն ունենալը որևէ կերպ կազդի նրա դիվանագիտական գործունեության վրա, բայցևայնպես…
Արփի Սահակյան



