Լրագրողներն օգնեցին համակարգին անելու առաջին քայլը. Մեջլումյանը` Սողոմոն Քոչարյանի ազատվելու մասին
SOCIETYNewes.am-ը գրում է .
Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու՝ դատարանի որոշումը, որոշման համար մի քանի տարի պայքարող, հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանի կարծիքով, հոգեբանական դրական ազդեցություն կարող է ունենալ մյուս ցմահ ազատազրկվածների վրա:
«Սա հոգեբանական գործոն կարող է լինել թե մյուս դատապարտյալների, թե համակարգի համար: Համակարգը տեսավ, որ հնարավոր է, դատապարտյալները տեսան, որ անհնարը կարող է դառնալ հնարավոր: Մի փոքր պատուհան բացվեց, ու հույս արթնացավ նրանց մոտ: Իսկ մինչեւ այս ոչ ոք չէր հավատում, որ ցմահ ազատազրկվածը կարող է ազատություն վերադառնալ»,- ասաց Զարուհի Մեջլումյանը:
Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ որոշումը լրագրողական համառ աշխատանքի արդյունք է: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել է նաեւ հասարակության վերաբերմունքը ցմահ ազատազրկվածների նկատմամբ, կոտրվել են նրանց մասին կարծրատիպերը:
«Լրագրողները կարողացան օգնել համակարգին անելու առաջին քայլը: Սա նախադեպային որոշում էր: Ճիշտ է՝ հիվանդության հիմքով եղավ ազատումը, բայց առաջին դեպքն էր, երբ զմահ ազատազրկման դատապարտվածը վերադարձավ ազատություն»,- նշեց նա:
Ցմահ ազատազրկվածների գործերի վերաբացմանն ուղղված պայքարը, Զարուհի Մեջլումյանի խոսքով, պետք է ավելի բուռն ընթացք ստանա, քանի որ առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն արված է:
«Որ պահին որ մենք դադարեցնենք պայքարը, դա կլինի համակարգի համար ձեռնտու տարբերակ: Պետք է շարունակել պայքարը, քանի որ ստացվում է՝ մենք ուրախանում ենք մի բանի համար, որը կոչվում է օրենքի կիրառում: Ընդամենը օրենք է կիրառվել, որը մինչեւ այդ չէր կիրառվում»,- ասաց նա:
Նշենք, որ Զարուհի Մեջլումյանն արդեն երկար տարիներ է՝ պայքարում է 11 ցմահ ազատազրկվածների գործերի վերաբացման համար:
20 տարի անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից։ Հոկտեմբերի 22–ին առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա փաստաբանի միջնորդությունը եւ հիվանդության հիմքով Քոչարյանին ազատել պատժի հետագա կրումից։
Նա այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:



