ՀՀ արդարադատության նախարարը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումների ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը
SOCIETYՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն սեպտեմբերի 29-ին հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին դոնորների համակարգող խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ ՀՀ կառավարությունն ու արդարադատության նախարարությունը բարձր են գնահատում միջազգային գործընկերների ներգրավվածությունը բարեփոխումների յուրաքանչյուր ոլորտում:
Նախարար Հարությունյանի խոսքով՝ արդարադատության նախարարությունը ներկայում ինտենսիվ զարգացումների ճանապարհին է, երբ պետք է ապահովվեն պատշաճ իրավական հիմքեր՝ կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականի անցնելու, ավելի անկախ, հաշվետու և արդյունավետ դատական համակարգ, ինչպես նաև որակյալ ու մատչելի հանրային ծառայություններ ունենալու համար:
Նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ներկայացված միջազգային ակտիվ և հուսալի գործընկերներին՝ տարիներ շարունակ արդարադատության նախարարությանն աջակցելու համար, և նրանց հետ քննարկել նախարարության առաջնահերթություններն ու առաջիկա բարեփոխումների իրականացումն առավել արդյունավետ դարձնելուն միտված ծրագրերը:



