Գյուղացիների մեծ մասին կանխիկ չեն վճարել. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետությունում լայն թափով խաղողի մթերման աշխատանքներն են ընթանում: Թեպետ այս տարի նախորդների համեմատ մթերման խնդիրներ չկան, բայց խաղողագործներն իրացման ցածր գներից են դժգոհում:
Խաղողի մթերման հիմնական գինը սահմանվել է 130 դրամի չափով, որոշ գործարաններ այն հասցրել են նույնիսկ 110–ի:
Ոչ բոլոր գործարաններն են, սակայն, տեղում վճարում գյուղացիներին:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ ՄԱՊ գործարանը ընդունած խաղողի դիմաց կվճարի 15–20 օր հետո:
«Երևանի կոնյակի գործարանը» մթերած խաղողի դիմաց գյուղացուն խոստանում է վճարել 4–5 օր հետո: Գործարանների վճարումների ուշացումը բողոքի ալիք է բարձրացնում խաղողագործների շրջանում:
«Էդ լավ չէ, որ ՄԱՊ–ը 15 օր հետո է փողը տալու, ես վարկ ունեմ վերցրած ու վարկի օրերն են գալիս, փողն էլ չեն տալիս: Վարկը խաղողի հույսով եմ վերցրել, էդ էլ փողը ժամանակին չեն տալիս, ու ես խնդիր եմ ունենալու: Մենակ «Երևանի գինու, կոնյակի, օղու կոմբինատ»–ն է տեղում վճարում»,– դժգոհեց Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Հակոբ Գինոսյանը:
Խաղողի բերքն այս տարի պակաս է, բայց աննախադեպ որակ ունի: Գյուղացիները սրտնեղում են, որ մթերման գները ցածր են: Նրանց խոսքով՝ խաղողի գինը վերջին 5 տարում ամենացածրն է սահմանվել:
Այս տարի մթերումների դիմաց գյուղացուն տեղում վճարելու համար վերամշակող ընկերություններին տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ: Չնայած մեկնարկած ծրագրին՝ գյուղացիների խնդիրները դեռ չեն լուծվում, գործարանները նրանց կանխիկ չեն վճարում:
Ի դեպ, գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արդեն իսկ մթերվել է ավելի քան 60000 տոննա խաղող:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



