«Էրեբունի-Երևան 2799»-ի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի օդագնացության փառատոն
SOCIETY«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրն այս տարի կանցկացվի չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը:
Ինչպես հայտնում է ORER.news-ը, այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող Արամ Սուքիասյանը:
Տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Ըստ փոխքաղաքապետի՝ Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր՝ ջազի, ռոքի, հեղինակային, դասական, ինչպես նաև ազգային երաժշտության համերգային ծրագրեր:
«Հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը: Այն առաջին անգամ է կազմկակերպվում Երևանում:
Առաջին անգամ կանցկացվի նաև «Խելացի քաղաք» ցուցադրությունը, որի շրջանակներում Թամանյանի արձանի հարևանությամբ տարբեր կրթարանների աշակերտներ կներկայացնեն իրենց ինտերակտիվ մտահղացումները:
Սպասվում են նաև մի շարք հետաքրքիր սպորտային նախաձեռնություններ: Ակտիվ կլինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակը, որտեղ կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը: Մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները Խաչքարերի պուրակը ֆիքսեն որպես մշակութային միջոցառումների վայր:
Ժողովրդական արվեստի յուրօրինակ փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Իսկ Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Կլինեն նաև բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի: Միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում անցկացվելիք երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ»,- նշեց բանախոսը:
Արամ Սուքիասյանի փոխանցմամբ՝ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես տոնական ծրագրում չի ներառվել Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգը:
Հավելենք, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կկրի «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը:



