«Ելք» դաշինք. «Սպասելիքներ չունենք` թե ժողովուրդը կբողոքի»
INTERVIEW
Այս օրերին Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ՝ մասնավորապես կուսակցության փոխնախագահները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջադրվելու:
Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելն անթույլատրելի է համարում «Ելք» դաշինքը:
Դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանի կարծիքով՝ նման առաջադրումը ժողովրդավարության չափանիշներին դեմ է: Ըստ նրա՝ սա այն վատ մշակույթն է, որ վերցնում ենք ԵԱՏՄ երկրներից:
«Մենք գիտենք, որ այդ երկրներում մարդիկ կան, որ հինգ անգամ են նախագահ ընտրվել, և Սահմանադրության փոփոխությամբ անել նման բան, անթույլատրելի է»,– նկատեց պատգամավորը:
Դաշինքի անդամներից Մանե Թանդիլյանը դեռևս չի շտապում ՀՀԿ–ի ներկայացուցիչների ցանկությունները մեկնաբանել: Իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակմանը, նա ասաց. «Ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու Սերժ Սարգսյանի ցանկության պարագայում ՀՀԿ–ում չկա մեկը, որ համարձակություն ունենա առարկել և խոսել այլ խնդիրների մասին»,– տեսակետ հայտնեց «Ելք» դաշիքնի անդամը:
Եթե նույն անձը մեր երկրում երրորդ անգամ պաշտոնավարի, ըստ Մանե Թանդիլյանի, Հայաստանը վերջնականապես կդասվի ավտորիտար քաղաքական համակարգ ունեցող պետությունների շարքին և կհավասարվի ժողովրդավարությունը կործանող Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի քաղաքական համակարգերին:
«Այնինչ Հայաստանի պետական շահը թելադրում է ժողովրդավարության ամրապնդում, և սա է նաև, որ մեզ շահեկան դիրքերի մեջ է պահելու հարևան Ադրբեջանից, որտեղ ալիևյան դինաստիան շարունակաբար պահում է երկիրը իր վերահսկողության տակ»,– ընդգծեց նա:
Արդյո՞ք «Ելքը» կընդդիմանա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեպքում:
Մանե Թանդիլյանը հայտնեց, որ իրենք օգտագործելու են քաղաքական բոլոր հնարավոր գործիքները իշխանություններին զսպելու և հավասարակշռելու համար:
«Ելքի» անդամ Գևորգ Գեորգիսյանի խոսքով էլ մի քանի ամիս առաջ՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ էր, որ իրենց քաղաքական թիմը բողոքի ալիք բարձրացրեց և ժողովրդին կոչ արեց չընտրել հանրապետականին, իսկ քաղաքական ուժերին՝ միասին պայքարել իշխող վարչակազմի դեմ:
«Մենք լրջագույն պայքար տարանք: Մենք այն ժամանակ ասում էինք, եթե ձեր ձայնը խնամու, բարեկամի խաթր եք տալիս, ապա ընտրում ենք Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, գուցե քաղաքացիները գիտակցեն դա»,– Past.am- ի հետ զրույցում ասաց նա:
ԵթեժողովրդիկողմիցՍերժՍարգսյանիդեմպայքարելուպահանջլինի, «Ելքը» կմիանանրանցևկսատարի:
«ԱԺ ընտրությունների արդյունքների դեպքում ժողովուրդն ընդվզելու ցանկություն չունեցավ: Մեծ սպասելիքներ չունենք, որ ժողովուրդը կբողոքի, եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ»,– եզրափակեց Գեորգիսյանը:
Մանյա Պողոսյան




















































