««Հայաստանը պետք է դուրս գա ոչ միայն ԵԱՏՄ–ի կազմից, այլ Ռուսաստանի կողմից նախաձեռնված միություններից»
INTERVIEW
Past.am-ը զրուցել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.
– Պարոն Մեհրաբյան, նոյեմբերին, Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում ՀՀ–ի և և ԵՄ–ի միջև ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագիրն ի՞նչ կտա մեր երկրին:
– Այն կկարգավորի Հայաստան– Եվրամիություն կապերը: Այն, ելնելով իրավիճակից, նաև հնարավորություն կտա, ընդլայնել այդ հարաբերությունները: Բացի սա, համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա սահմանափակ չափով բալանսավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այսինքն՝ երկուստեք հավասարակշռել հարաբերությունները և վերջ դնել Ռուսաստանի հետ միակողմանի կախվածության ռեժիմից: Այն հնարավորություն է ստեղծում, սակայն, ոչ երաշխավորում: Համաձայնագիրը կարելի է ասել, փրկություն է միայն մեր դեպքում: Այստեղ կարևոր նախապայման է, թե մեր առջև ինչ խնդիր ենք դնում՝ փրկության խնդիր, թե դնում ենք խնդիր էլ ավելի թաթախվելու Եվրասիական ճահճի մեջ:
– Սովորաբար ասվում է, թե ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը շահեկան է Հայաստանի ժողովրդի համար: Տնտեսական առումով ի՞նչ սպասելիքներ կան:
– Որևէ բան կստանանք, եթե նման հարց դրվի: Համաձայնագիրը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ տնտեսական: Դատելով նախորդ համաձայնագրի շուրջ հայտարարություններից՝ խոսվում էր նաև որոշակի քաղաքական ստանդարտների մասին: Ես կարծում եմ, որ այդ դրույթները նաև տեղ կգտնեն այս նոր համաձայնագրում: Եվրոպան ուզում է, որ իր հարևանները լավ ապրեն, ժողովրդավարության առումով գտնվեն նորմալ մակարդակի վրա, որպեսզի այդ երկրներից տարբեր մարտահրավերներ չուղղվեն դեպի Եվրոպա: Համաձայնագիրը դրական արձագանք կունենա: Այնուամենայնիվ, Հայաստանը, եթե Ռուսաստանի հետ չունենար ավելի սահմանափակող բնույթի հարաբերությունները, ապա շատ ավելի լայն համագործակցության հնարավորություն կունենար Եվրամիության հետ: Նշեմ նաև, որ այդ հնարավորություններն ամբողջությամբ չեն ներառվում այդ պայմանագրում: Ամեն ինչ կախված է մեր երկրից:
– Այս օրերին, զուգահեռ այս կամ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ԵԱՏՄ–ի կազմից դուրս գալու կոչեր են հնչում՝ նշելով, որ ԵԱՏՄ–ն Հայաստանին ոչինչ չի տվել: Ըստ ձեզ, արդյո՞ք այդպես է, և միության կազմից դուրս գալու անհրաժեշտություն տեսնում ե՞ք:
Կարծում եմ, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ–ի անդամակցության կասեցման գործընթացը պետք է սկսել հնարավորինս շուտ, այնպես, ինչպես սովետի կազմից դուրս գալու գործընթացը: Նույն ձևով պետք է գործընթաց սկսել և քաղաքականություն տանել, որի վերջնական արդյունքը կլինի այն, որ Հայաստանը դուրս գա ոչ միայն ԵԱՏՄ–ի կազմից, այլ Ռուսաստանի կողմից նախաձեռնված միություններից: Մենք այդ միություններից ոչինչ չենք ստանում՝ ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով: Մենք շատ կոնկրետ վնասներ ստանում ենք, բայց անդամակցելով այդ միություններին, մենք չեն կարողանում այդ վնասի դեմն առնել, որովհետև ստանձնել ենք ինչ– ինչ պարտավորություններ, որոնցով արգելվում է որևէ քայլ անել:
Մանյա Պողոսյան




















































