Լոռիում մայրն ու երկու երեխաները թունավորվել են հավի բդի՞ց
SOCIETYՍեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00:30-01:00-ն ընկած ժամանակահատվածում երկու մանկահասակ՝ 5 եւ 7 տարեկան երեխաների հետ միասին ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Ռ. Հ.-ն:
Հիվանդանոցում երեխաների մայրն ու հարազատները պատմել են, որ երեկոյան ժամը 19-ի սահմաններում կերել են խանութից գնված ու տապակած հավի բուդ: Մեկ-երկու ժամ անց երեխաների ու մայրիկի ինքնազգացողությունն սկսել է աստիճանաբար վատանալ: Երեխաները նույնիսկ կորցրել են գիտակցությունը, ինչից հետո ընտանիքի անդամները որոշել են նրանց Ծաղկաբեր գյուղից տեղափոխել Սպիտակի բժշկական կենտրոն:
Կենտրոն ընդունման պահին երեխաների գիտակցությունը եղել է մթագնած, բժիշկները նրանց վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մոր վիճակը՝ ծանր: Նրանց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝ հիվանդության բոլոր ախտանշաններով: Համապատասխան բուժական միջամտություններից հետո հիվանդների վիճակը որոշ չափով կայունացել է: Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ ու առաջիկա օրերին եւս կշարունակեն ստացիոնար բուժում ստանալ:
Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սոնյա Սերոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշեց, որ նմանատիպ դեպքեր կենտրոնում հազվադեպ են գրանցվում: «Ամեն նման դեպքից հետո իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արտերկրից ներկրված բուդ գնելուց ու օգտագործելուց, սակայն հաշվի առնելով բդի մատչելի արժեքը, շատերը դեռ շարունակում են հավի բուդ գնել»,- նշեց բժշկուհին:



