Հրդեհների արդյունքում այրվել է ավելի քան 3 հազար հա տարածք
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը հրապարակել է 2017 թ.–ին «Խոսրովի անտառ» արգելոցում, «Վայոց Ձորի անտառտնտեսություն» և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղերում բռնկված հրդեհների վերաբերյալ արբանյակային պատկերների վերծանման միջոցով իր կողմից ստացված տվյալները:
«Seninel–2» արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման տվյալների համաձայն՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է ընդհանուր 1716,3 հա տարածք: Բռնկված հրդեհի արդյունքում Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է
1641,64 հա տարածք: Արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմում է 74,66 հա: Նշենք, որ այս հաշվարկներում ընդգրկված չեն առանձին մանր խմբերով հանդես եկող գիհուտները:
Վայոց Ձորի մարզում բռնկված հրդեհի ադյունքում այրվել է մոտ 2,5 անգամ քիչ՝ ընդհանուր 609,016 հա տարածք: Այս անգամ ևս այրված անտառածածկի մեջ ներառված չեն գիհուտները, որոնք հանդես են գալիս կղզյակների տեսքով:
Համաձայն «Seninel–2» արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման տվյալների՝ Բյուրականում բռնկված հրդեհն ընդգրկել է մոտ 762 հա տարածք, որտեղ ցածր, չափավոր–ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք:
Նույն արբանյակային պատկերի հիման վրա առանձնացված համեմատաբար խիտ կաղնու անտառածածկում շատ թույլ աստիճանի այրումն ընդգրկել է մոտ 50 հա տարածք, բարձր աստիճանների այրումը՝ 105 հա: Անտառածածկի առանձին նոսր հատվածները տվյալներում ներառված չեն:



