ՄԻՊ գրասենյակն աշխատանքային խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ
SOCIETYՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ներկա դրությամբ աշխատանքներ է կատարում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, վկայակոչելով ՄԻՊ-ի գրասենյակի Facebook-ի էջ, Օմբուդսմենի գրասենյակը նման որոշում է կայացրել հոկtեմբերի 23-ին զանգվածային լրատվամիջոցներում եւ համացանցում քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ լուրերի հրապարակումից հետո:
«Նկատի ունենալով երեկ տարածված լուրերն ազատազրկվածների նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր կրկին այցելել են ՔԿՀ երեկվա իրադարձությունների վերաբերյալ առավել օբյեկտիվ և բազմակողմանի պատկեր կազմելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր Facebook-ի էջում գրառում էր կատարել նշելով, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները ահավոր աղմուկ են բարձրացրել: Նա հայտնել է, որ որոշ տեղեկություններով ներսում կալանավորների նկատմամբ բռնություններ են գործադրել, մյուսներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինն իր հերթին տեղեկացրել էր, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում: «Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը»,- նշված է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ:



