Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները»
SOCIETYԵրգիչներ Մհերը, Արամեն, Սիրուշոն, Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաև Ջիվան Գասպարյանը Անկախության 26–րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են Հանրապետության նախագահի կողմից: Դուդուկահար Ջիվան Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1–ին աստիճանի շքանշանով: Արտո Թունջբոյաջյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ երգիչներ Սիրուշոյին, Արամեին և Մհերին՝ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումներ:
Հասարակությունն այս կոչումներին, սակայն միանշանակ չի վերաբերվում: Հասարակության մի մասը սոցիալական ցանցերում իր կարծիքն է հայտնում՝ նշելով, որ վաստակավոր արտիստի կոչում ստացածները արժանի չեն դրան:
Բեմադրիչ, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին այլևս չի զարմացնում այն փաստը, որ Հայաստանում անարժան մարդկանց են կոչումներ շնորհում: Ըստ նրա՝ մեր երկրում ամեն ինչ է արժեզրկվել, այդ թվում և կոչումները: Նա նկատեց, որ վերջերս սկսել են շռայլել կոչումները:
«Ուղղակի այդքան շատ չպետք է կոչումներ տան, էլի: Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները: Մի քիչ պետք է ավելի արժանիներին տան, մենակ կոչումներ շնորհելով չի»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Նիկոլայ Ծատուրյանը:
Այս կամ այն արվեստագետին կոչում շնորհելը Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադիրչ Ռուբեն Բաբայանը սովետական տարիներից մնացած վատ երևույթ է համարում: Նրա կարծիքով՝ կոչումներ շնորհելու ավանդույթը հնարավորինս շուտ պետք է վերացնել:
2004 թվականին Բաբայանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Նա, սակայն այդ մասին ոչ մի տեղ չի բարձրաձայնում, անգամ շնորհված կոչման մասին է մոռացել:
«Ես համարում եմ, որ այդ կոչումները միայն փչացնում են արվեստագետին: Կան շատ ավելի լավ ձևեր մարդուն, արվեստագետին մեծարելու: Թե ում են տալիս այդ կոչումները և ինչի համար, այնքան էլ կարևոր չէ: Եթե երևույթի հանդեպ վատ ես տրամադրված, մնացած հարցերը դառնում են երկրորդական: Այնպես որ, ով այդ կոչումներից հաճույք է ստանում, թող ստանա»,– ժպիտով պատասխանեց Ռուբեն Բաբայանը:
Տիկնիկային թատրոնի տնօրենի խոսքով՝ կոչումների ինստիտուտը բնորոշ է բռնապետական համակարգերին: Կոչումները ստեղծվել են ԽՍՀՄ–ում, 1931 թվականին, երբ ամրապնդվում էր բռնապետությունը, և պետությունը քաղաքացիների փոխարեն վերցնում էր դերն իր վրա, թե ով է արժանի, ով՝ ոչ:
«Արվեստի մեջ իշխանությանը քեզ գնահատելու հնարավորություն տալը սխալ է: Կան միջազգային փառատոներ, մասնագետներ, ժյուրիներ, թող նրանք գնահատեն: Կոչումներ շնորհելու երևույթն արդեն ինքնին դատարկ է դարձել»,– նշեց նա:
Ռուբեն Բաբայանը հիշեցնում է՝ անկախության առաջին տարիներին մեր երկրում կոչումներ շնորհելու ավանդույթը մոռացվել էր, իսկ հենց այդ ժամանակ էլ արվեստում տիրող մթնոլորտը շատ ավելի առողջ էր:



