Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ այնտեղի իշխանություններից ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ․ Քուրդիստանում հայազգի պատգամավոր
POLITICSԻրաքյան Քուրդիստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝ Քուրդիստանում բոլոր փոքրամասնությունները սեպտեմբերի 25-ին պետք է քվեարկեն անկախության համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե Քուրդիստանի անկախությունը հռչակվի, դրանից հետո կառավարությունը կբանակցի Իրաքի հետ՝ հասկանալու համար՝ հանրաքվեի արդյունքներ Իրաքի իշխանություններն ընդունու՞մ են, թե՝ ոչ:
Խոսելով Քուրդիստանում հայ համայնքի՝ հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշման մասին՝ նա նշեց․ «Գրեթե 3000 հայ կա Քուրդիստանում: Այստեղ ևս հայ ժողովուրդը անկախություն է ցանկանում: Ինչու՞: Որովհետև Քուրդիստանի այսօրվա իշխանությունները հայերի հետ են, եկեղեցիներ են կառուցում, նաև հատուկ հայերի համար մշակույթի կենտրոններ, դահլիճներ: Մենք այսօր Քուրդիստանի խորհրդարանում մեկ աթոռ ունենք և բոլոր իրավունքները վայելում ենք ՝ կրթական, մշակութային, ազգային բոլոր իրավունքները: Իրավունք ունենք մեր տոները նշելու: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեծ ազատությամբ նշել ենք»,- ասաց նա:
Քուրդիստանի հայազգի պատգամավորը նկատեց՝ քրդերն այսօր գիտակցում են, որ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ իրենք էլ մեղք ունեն: «Իրենք գիտակցում են իրենց սխալը և ամաչում են իրենց նախնիների արածի համար: Երևի ինչ-որ ձևով փորձում են իրենց մեղքը քավել, դրա համար էլ այսօր մեզ այսքան իրավունք են տվել»,- պատմեց նա:
Երվանդ Արմենյանի խոսքով՝ Հայաստանն արդեն Քուրդիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, երկրի տարածքում բացել է իր հյուպատոսարանը: Նրա խոսքով՝ Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ Քուրդիստանի իշխանություններից ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ: Արցախի կարգավիճակը նույնն է, ինչ-որ Քուրդիստանինն է:
«Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ իշխանություններից ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ: Արցախի կարգավիճակը նույնն է, ինչ որ Քուրդիստանինն է»,- ասաց նա: Ըստ նրա՝ եթե միջազգային ձևով ընդունվի Քուրդիստանի կարգավիճակը, արդեն կարող ենք ասել, որ Արցախն էլ կարող է անկախ ճանաչվել միջազգային հանրության կողմից:



