Գործազուրկների թիվը շուրջ 7000–ով ավելացել է
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է. 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցել է վերջին երեք տարիների ընթացքում գրանցված բոլոր ցուցանիշները: Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ պաշտոնական տվյալներից, այս տարի գործազրկության մակարդակը հասել է 19%–ի: Նախորդ տարի այն 18% էր կազմում:
Իսկ 2014 թ. գործազրկության մակարդակը կազմել է 17,6%, 2015–ին՝ 18,5%:
Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գործազուրկների պաշտոնական թվին, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում այսօր պաշտոնապես 228,4 հազար մարդ գործազուրկ է: Նախորդ տարիների համեմատ գործազուրկների թիվը ևս ավելացել է: Այդ ցուցանիշը 2016–ին կազմել է 221,5, 2015–ին՝ 243,7, իսկ 2014–ին՝ 242,1 հազար մարդ: Համեմատելով նախորդ և այս տարվա ցուցանիշները, պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով գործազուրկների թիվը շուրջ 7000–ով ավելացել է:
Թեև գործազրկության մակարդակի վերաբերյալ 2017 թ. երկրորդ եռամսյակային տվյալները դեռ հայտնի չեն, բայց դժվար չէ կանխատեսել, որ գործազրկության մակարդակը և գործազուրկների թիվը կրկին կավելանա: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը «օպտիմալացում»–ը փոխարինեց կտրուկ կրճատում բառով:



