Արայիկ Հարությունյանը Տող գյուղում մասնակցել է արցախյան գինու 4-րդ փառատոնին
SOCIETY
Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արցախյան գինու 4-րդ փառատոնին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը մասնակցել է փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, ապա շրջել է տաղավարներով և ծանոթացել ներկայացված գինու տեսականուն: Նա գինի արտադրողներից հետաքրքրվել է ինչպես արտադրանքի իրացման, այնպես էլ այս տարվա խաղողի բերքի ընդունման հարցերով: «Գինեգործությունն Արցախի ավանդական զարգացած ճյուղերից է եղել և դեռևս խորհրդային տարիներին արցախյան գինին մեծ համբավ է ունեցել ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Ուրախալի է, որ անկախությունից հետո կրկին զարգանում է այդ ճյուղը, և, հաշվի առնելով արտահանման աշխարհագրությունը, կարող ենք վստահորեն ասել, որ արցախյան գինին իր պահանջված տեղն է գտնում միջազգային շուկաներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կառավարության կողմից շարունակվելու է ոլորտի զարգացմանն ուղղված հատուկ քաղաքականությունը:



