Ծաղրածուները հիշել են Հայաստանը
SOCIETYPast.am Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով: Ներկա գտնվելով Ոսկե նուռ հայկական ապրանքների ամենամյա փառատոնի բացմանը, Ժիրինովսկին խոսել է հայ–ռուսական բարեկամության, հայերի՝ ռուսերեն լեզվին վարժ տիրապետելու, ինչպես նաև հայկական ապրանքների վաճառքին ամեն գնով աջակցելու մասին:
Սրան զուգահեռ, մեկ այլ ռուս քաղաքական գործիչ՝ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Զյուգանովն է հանդես եկել հայտարարությամբ: «Մոսկվա–Բաքու» կոնֆերանսի ընթացքում Զյուգանովը նշել է, թե ՌԴ–ն թուլ չի տա ակտիվանալ Հայաստանում հակառուսական ուժերին։
Թե ինչու են կրեմլահպատակ քաղաքական գործիչները, որ արքունական ծաղրածուի ֆունկցիա են կատարում, հիշել Հայաստանն ու հայոց լեզուն, դժվար չէ կռահել: Մանավանդ, որ Կառավարությունն էլ ռուսաց լեզվի դասավանդման խորացված ծրագրի լոբինգով է զբաղված Հայաստանում: Այս հայտարարությունները հատկապես համընկնում են ինքնիշխանության զգացողությունը վերականգնելու մասին Հայաստանում արևմտյան դեսպանների կոչերի հետ:
Ռացիոնալ ասպարեզում Ռուսաստանը սպառել է իր գործիքակազմը: Մնացել են իռացիոնալ, ոչ պակաս կարևոր արժեքները: Ինչն էլ ռուսական քաղաքականության անուղղակի խոսափողները թիրախավորում են: ԵՏՄ–ից դուրս գալու «Ելք»–ի նախաձեռնությունն ու դրա հանրային քննարկումն էլ ավելի են սրելու ռուսների համատարած պսիխոզն այս հարցում: Առաջիկայում մայդանաֆոբիայով համեմված և հայ–ռուսական եղբայրության մասին միֆականացված պատումներն ավելի հաճախակի են դառնալու:



