Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական մրցումներում հաղթող Երևանի թիմերի անդամներին
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին, ինչպես նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մարզական ստուգատեսում հաղթած մայրաքաղաքի թիմի անդամներին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու և հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար` ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ընտանիքների միասնականությունն ու հաղթանակի մեծ ձգտումն է:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով:
Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մրցույթի եզրափակիչ փուլում երևանյան թիմի մասնակցությունը լավագույնս ապահոված տարեցները:
Թիմերի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերին են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը:
Տարիներ շարունակ իր ընտանիքի հետ մրցույթի ակտիվ մասնակից Հայկ Մարգարյանը, որը եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշակն թևկապը փոխանցել է թիմի նոր ավագ Էրիկ Մարտիրոսյանին:
Հանդիպման ավարտին «Լավագույն մարզական ընտանիք 2017» հանրապետական մրցույթի և «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական խաղերի գավաթներն ի պահ են տրվել Երևանի քաղաքապետարանին:



